Ե. ԶԱԽԱՐՅԱՆ. «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Այն քաղաքացիները, ովքեր տարբեր պատճառներով իրենց կողմից տասնամյակներով օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեն, այս տարի ստանալու են այդ իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով 2008-ի անելիքները, ասաց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Նա նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ կազմվել է ժամանակացույց` մայրաքաղաքի առանձին թաղամասերում բնակիչների սեփականության իրավունքների վերականգնման վերաբերյալ: Նրա խոսքով, այս տարի այդ աշխատանքները կիրականացվեն Ավան, Նորք Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Հաջորդ տարի բնակիչների սեփականության իրավունքների վերականգնման աշխատանքները կիրականացվեն Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն համայնքներում: Քաղաքապետը հավաստիացրեց, որ նախատեսվում է ոչ իրացման գոտիների շուրջ 10 հազար բնակիչներին տալ օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք:
Ե. Զախարյանի խոսքով, ճանաչվելու են նաև իրացման գոտի համարվող մի շարք տարածքներում ապրող քաղաքացիների սեփականության իրավունքները: Սեփականության իրավունքի վերականգնման գործընթացն այժմ սկսված է Կոնդ, Կոզեռն, Ֆիրդուս և այլ թաղամասերում: Այն նախատեսված է ավարտել 2009 թվականի դեկտեմբերին: