ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՋՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը, հաստատվել է բանկային ոլորտին վերաբերող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ օրենքների փոփոխությունների նպատակը Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանությունն է: «Առաջին հերթին օրենսդիրը պահանջում է կրեդիտավորում իրականացնող կազմակերպություններին հստակ հետևել այն խաղի կանոններին, որոնք ամրագրվում են: Հաճախորդի համար պետք է հասանելի լինի ծառայության մասին ամբողջական տեղեկատվությունը: Վարկային կազմակերպություն իրավունք չունի կիրառել այնպիսի տերմիններ, որոնք թյուրիմացության մեջ գցեն հաճախորդին»,-նշեց Տ. Սարգսյանը:
Նրա խոսքով, օրենքում ներդրվել է նոր հասկացություն` հաստատել տարեկան փաստացի տոկոսադրույք, այսպես կոչված՝ իրական տոկոսադրույք (APR), որն իր մեջ պետք է ներառի ոչ միայն վարկի տոկոսադրույքը, այլ բոլոր այն ծախսերը, որը սպառողն իրականացնում է վարկ ստանալու համար: «Այդ դեպքում սպառողը ստանալու է լիակատար և ամբողջական տեղեկատվություն, թե այդ վարկն ինչքան է իր վրա նստելու»,-բացատրեց ԿԲ նախագահը: Նա ավելացրեց, որ բանկը պարտավոր է մշտական տեղեկատվություն տրամադրել հաճախորդին վարկի վերաբերյալ` ինչպիսի վճարումներ են նրան սպասվում, ինչպիսի տուժ ու տուգանքներ կարող են գանձվել իրենից պարտավորությունները չկատարելու դեպքում: «Վարկային կազմակերպությունը պարտավոր է ամեն ամիս հաճախորդին տեղեկատվություն տրամադրել իր վարկի մասին»,-նշեց Տ. Սարգսյանը:
Նա կարևոր համարեց նաև ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ստեղծումը: «Այն նպատակ ունի անվճար, օպերատիվ քննարկել քաղաքացիների բողոքները, դիմումները, որոնք վերաբերում են վարկային կազմակերպությունների կողմից իրենց տրամադրվող ծառայություններին և կայացնել որոշումներ»,-բացատրեց ԿԲ նախագահը: Նրա խոսքով, ինստիտուտը հնարավորություն է տալու բանկային համակարգի նկատմամբ բարձրացել վստահությունը:
Բանկային ավանդների ներգրավման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը նախատեսում է ամբողջական և լիակատար տեղեկատվության տրամադրում ավանդների ներգրավման մասին: Բանկերը պարտավոր են ամեն ամիս անվճար տեղեկատվություն հաղորդել հաճախորդներին նրանց ավանդային հաշիվների վերաբերյալ: Պայմանագրի պայմանների փոփոխությունների մասին առևտրային բանկը պարտավոր է տեղեկացնել իր ավանդատուին դրանից 30 օր առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան