ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ ՎԵՐԾԱՆՎՈՒՄ ԵՆ
«Բելավիա»-ին պատկանող Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 4:19-ին: Դուրս գալով «Զվարթնոց»-ի թռիչքուղուց, անձնակազմը դիսպետչերին հայտնել է, որ ինքնաթիռն անընդհատ թեքվում է ձախ կողմի վրա: Բարձրանալով 4-5 մետր, օդանավը շրջվել է ձախ թևի վրա: Այդ վիճակով այն գնացել է թռիչքուղու ողջ երկարությամբ: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մանրամասներ հրապարակեց ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը:
Նրա խոսքով, ուղևորներից երկուսը օգնել են անձնակազմին` բացելու վթարային դուռը: Ինքնաթիռի թեքվելուց հետո հրդեհ է բռնկվել: Դեպքից 50 վայրկյան հետո տեղ են հասել հրշեջները:
«Մեր կորուստները նվազագույնն են»,-նկատեց Ա. Մովսեսյանը և ավելացրեց, որ «պայթյուն որպես այդպիսին չի երևում, սակայն ոմանք աղմուկ են լսել»: Ավիակերոսինը թափվել է գետնին:
Նշենք, որ հրշեջ ծառայությունը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ենթակայության տակ է մեկ տարի և ընկերությունը 3.500 մլն դոլարի ներդրում է արել այդ ծառայության կայացման համար:
Մովսեսյանի խոսքով, եղանակը չոր է, թռիչքի պահին տեսանելիությունը եղել է 3.5 հազար մետր: Հայկական կողմի հետ կապված որևէ խնդիր չի եղել: Նշենք, որ ինքնաթիռը տեխնիկական զննում է անցել փետրվարին: Օդանավը 1999 թ. արտադրության է, 48 ուղևոր տարողությամբ, օդաչուներն այս ինքնաթիռի հետ աշխատել են մեկ տարի: Անձնակազմի բելոռուս օդաչուները թռիչքից առաջ անցել են բժշկական զննություն, նրանց մոտ որևէ շեղում չի գրանցվել: Ինքնաթիռի սև արկղերի վերծանումը սկսվել է օպերատիվ կարգով, բայց թե որքանով է դրանց ինֆորմացիան պահպանվել, դեռ հայտնի չէ:
Հայաստանի ավիացիոն իշխանությունները մտադիր են քննությանը ներգրավվել նաև Միջազգային ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչներին: Ա. Մովսեսյանը նկատեց, որ հայկական կողմը ընդհանրապես ծանոթ չէ այդ տիպի ինքնաթիռներին:
ՔԱԳՎ պետի խոսքով, դեպքից 30-35 րոպե անց դեպքի վայր են ժամանել ինքը և ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Ավելին, հանրապետության նախագահի մոտ դեպքի առթիվ արդեն արտակարգ խորհրդակցություն է եղել:
Ա. Մովսեսյանը նաև հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացվել են ինքնաթիռն արտադրող կանադական և շահագործող բելոռուսական ընկերությունները:
ՔԱԳՎ պետի հրապարակած տվյալներով, 18 ուղևորների թվում եղել են Բելոռուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի մեկական քաղաքացիներ, Վրաստանի հինգ քաղաքացի և Հայաստանի 10 քաղաքացի: Այս երկրների դեսպանատներն այդ մասին տեղյակ են պահվել: «Զվարթնոցի» աշխատանքը ժամը 11-ից վերականգնվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան