ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Երևան-Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն, որին մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները, արտաքին գործերի փոխնախարարը:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը ներկայացրել է ինքնաթիռի վթարի հետ կապված մանրամասները` նշելով, որ Երևանի ժամանակով 4.15 րոպեին «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող կանադական արտադրության SRJ-100 տիպի ինքնաթիռը Երևան-Մինսկ չվերթն իրականացնելիս ձախ թևով թեքվել է, հարվածել թռիչքուղուն, որից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:
Ավիացիոն անվտանգության ծառայության և հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է 18 ուղևորներին և անձնակազմի 3 անդամներին շատ արագ էվակուացնել: Օդանավակայանում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ուղևորներից 6-ը ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հանրապետության նախագահը առողջապահության նախարարին հանձնարարել է զբաղվել տուժածների բուժօգնության հետ կապված հարցերով: Իրավապահ մարմիններին հանձնարարվել է ավիացիոն ծառայությունների հետ միասին հետաքննության իրականացնել:
Վթարի պատճառների վերաբերյալ քննություն կկազմակերպվի նաև Միջպետական ավիացիոն կոմիտեի հետ, որի կմասնակցեն Բելառուի և Կանադայի ներկայացուցիչները: