ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎՈՍԸ»
Ծաղկաձորում այսօր տեղի ունեցավ «Կամուրջ-2008» միջազգային տնտեսական հինգերորդ ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը: Այն իր աշխատանքները կշարունակի մինչև փետրվարի 18-ը: Ֆորումի հիմնական թեման է «Միջազգային տնտեսական համագործակցություն. առաջնայնությունները, միտումները, հնարավորությունները»:
Ֆորումի հիմնական նպատակն է Արևմուտքի և Մերձավոր Արևելքի գործարար և քաղաքական շրջանակներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական ներուժի հետ, ինչպես նաև ոչ ֆորմալ ձևաչափով քննարկել քաղաքական և տնտեսական կարևորագույն խնդիրներ, մշակել գործողությունների միասնական մարտավարություն, որն ուղղված կլինի մի ընդհանուր նպատակի` տնտեսական և սոցիալական առաջընթացի ապահովմանը:
Ֆորումի շրջանակում կազմակերպվում են տարբեր թեմաներով մի քանի կլոր սեղաններ և սեկցիոն նիստեր: Կազմակերպիչների համոզմամբ, ֆորումն արդարացնում է «Հայկական Դավոս» կոչումը և հանդիսանում է պետության գործարար կյանքի անբաժանելի մաս` որպես հանդիպման վայր և բաց քննարկումների դաշտ հայտնի քաղաքագետների, օրենսդիր և գործադիր մարմինների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների, բանկերի կառավարիչների, ինչպես նաև ներդրումային և ապահովագրական ընկերությունների համար: Ֆորումի աշխատանքներին մասնակցում են մոտ 300 ներկայացուցիչներ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներից:
Մասնակիցների թվում են ղեկավարներ Հայաստանում գրանցված դիվանագիտական և առևտրային կառույցներից, որոնք ներկայացնում են Եվրոպական, Մերձարևելյան, Ասիական և Ամերիկյան երկրները: «Կամուրջ 2008» հինգերորդ միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը: Ֆորումը անցկացվում է Հայաստանի Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի և Հայկական զարգացման գործակալության պաշտոնական աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան