ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի ամբողջական տեսքտը ներկայացնում ենք ստորև.
«Հետընտրական մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած, ինչը ստիպում է ինձ մեկ անգամ ևս դիմել Ձեզ, դիմել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին: Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ենք ելք գտնել: Այլապես` ներազգային թույլ համակարգով, այսպես բաժան-բաժան` ոչ միայն մեր երկրում առկա խնդիրները չենք կարողանա լուծել, այլև ընդունակ չենք լինի դիմակայել արտաքին մարտահրավերները: Եկեք չմոռանանք, որ մենք նույնն ենք` հայի նույն տեսակը:
Առճակատումը, տրոհումը, անհանդուրժողականությունը խնդիրներ լուծելու ճանապարհ չեն: Ընդհակառակը` ներկա վիճակի ձգձգումը խորացնում է անվստահությունը, բաժանում է մեր քաղաքացիներին. արդյունքում` թուլանում է երկիրը:
Որն է ելքը:
Նախ` ես ողջունում եմ այս օրերին հնչող` հանդուրժողականության և համագործակցության բոլոր անկեղծ կոչերը:
Երկրորդ` մենք ուղղակի պարտավոր ենք բացառել հնարավոր բախումները: Մենք պետք է գիտակցենք, որ հակադիր տեսակետներ կրողները նույն ժողովրդի մասնիկն են, և քաղաքական ուժերի գերխնդիրը ներքին պառակտում թույլ չտալն է: Անցանկալի զարգացումները կարող են կանխվել միայն բանակցությունների միջոցով: Եվ ես առաջարկում եմ բանակցությունների այնպիսի օրակարգ, որը կարող է մեղմել լարվածությունը, համաձայնության հանգեցնել և երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ դնել:
Իմ պատկերացմամբ, առաջնահերթ երեք հարց կա.
Առաջին` համախոհությամբ ընտրական այնպիսի նոր համակարգի ձևավորում, որը կբացառի բոլոր տեսակի ընտրախախտումների հնարավորությունը, կտրուկ կբարձրացնի սեփական կամքով իշխանություն ձևավորելու ժողովրդի ինքնավստահությունը: Ձևերից մեկն, օրինակ, ընտրական համակարգի լիարժեք ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելն է:
Երկրորդ` երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմաններ ստեղծել: Առաջին քայլը, օրինակ, կարող է լինել, քաղաքական ուժերի համախոհությամբ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստատեսության ղեկավարության ձևավորումը:
Երրորդ` այնպիսի պայմաններ ստեղծել, որ ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքներ ապահովվեն: Այս առումով` բազմաթիվ քայլերից մեկը Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելը կարող է լինել:
Ուզում եմ ընդգծել, որ այս երեք ուղղություններով ես և իմ կուսակցությունը կոնկրետ և մանրամասն առաջարկներ ունենք, որոնք պատրաստ ենք ներկայացնել բանակցությունների ժամանակ:
Սիրելի բարեկամներ,
Իբրև քաղաքացի, իբրև ազգային կուսակցության ներկայացուցիչ` ես առաջարկում եմ կենտրոնանալ այս խնդիրների վրա, ազդեցիկ քաղաքական ուժերի ընդգրկումով բանակցություններ սկսել` հրաժարվելով մաքսիմալիզմից և ոչ մի տեղ չտանող առճակատումից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում