ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾՆ` ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Այսօր իր տանը հրավիրած մամուլի ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին նկարագրեց լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքը: Նրա խոսքով, առավոտյան ժամը 6-ին իրեն տեղեկացրել են, որ բեռնատարներով զինվորների շարժ կա քաղաքում: «Չէինք սպասում, որ այսպիսի բան կարող է տեղի ունենալ, որովհետև նման ահազանգեր վերջին օրերին էլի են եղել և մենք հանգիստ էինք»,- նշեց նա:
Սակայն 6:30-6:40-ի մոտակայքում, ըստ նրա, ոստիկանները հայտնվեցին հրապարակում և շարքով կանգնեցին ժողովրդի առջև: «Ես ժողովրդին ասացի` խնդրում եմ հանդարտություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի կոչ, ոչ մի կոնտակտ ոստիկանների հետ և ասացի, տեսնենք ոստիկանությունը մեզանից ինչ է ուզում: Սա եղել է իմ վերջին խոսքը»,- նշեց Լ.Տեր-Պետրոսյանն ու հավելեց, որ դրանից հետո «ոստիկանները մահակներով սկսել են ջարդել ժողովրդին»:
«Ես 2 բան եմ տեսել, մահակներ և Էլեկտրաշոկերի կայծերը: Այլ բան չի եղել, ոչ հրազեն, ոչ խլացուցիչ արկեր, ոչ արցունքաբեր գազ, ոչ ջրցան մեքենա»,- ասաց նա:
Գործողությունը տևել է 15 րոպե, որի ընթացքում, ըստ նախկին նախագահի, ժողովրդի կողմից եղել է դիմադրություն, ծեծկռտուք, որից հետո հրապարակում են հայտնվել նախագահի պահպանության ծառայության սպաները` Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացմամբ, քանի որ նրանք ավելի շատ են եղել, նրանց հաջողվել է մի կողմ տանել իր թիկնապահներին, ապա իր «թևերը ոլորելով» իջեցնել հարթակից: «Ես ասացի` հրապարակից դուրս չեմ գա: Ինձ ձերբակալեք: Ես հրապարակից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով: Խնդրեմ, դիմեք Աղվան Հովսեփյանին թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հավաք, ապա դա ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա»,- նշեց նա` հավելելով, որ այդ պահին արդեն հրապարակը, ինչպես նաև Թումանյան փողոցը լիքն էր ոստիկաններով: Նրանք ավերել են սարքավորումներն ու վրանները:
Լ.Տեր-Պետրոսյանը մնացել է հրապարակում շուրջ 2 ժամ, որից հետո կրկին, իր խոսքով, «ձեռքերը ոլորելով» մտցրել են ավտոմեքենան ու հասցրել տուն
Ներկայումս նախկին նախագահի տան երկու մուտքերը փակված են նախագահի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, ովքեր Տեր-Պետրոսյանի թիկնապահներին հայտնել են, որ «տնային կալանքի հրաման չկա», բայց ասել են, նաև, որ առաջին նախագահն իրավունք չունի դուրս գալ տանից և ոչ ոք իրավունք չունի այցելել նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան