«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ` «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»-Ն
Մայիսին Բելգրադում կայանալիք «Եվրոտեսիլ-2008» միջազգային մրցույթում Սիրուշոն կներկայացնի «Քելե-քելե» երգը: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով մարտի 8-ին հեռարձակված հեռուստաշոուի ընթացքում կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկության արդյունքում այս երգի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 86.5 տոկոսը: Այս երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արթուր Տեր-Հովակիմյանն է:
Նշենք, որ հեռուստադիտողի դատին հանձնվել էր չորս երգ, որոնց խոսքերի հեղինակը Սիրուշոն է: Հիշեցնենք, որ Ազգային մրցանակաբաշխությունում նա հաղթող ճանաչվեց տարվա լավագույն երգչուհի անվանակարգում: Երգչուհին այժմ սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Սիրուշոն ծնվել է 1987 թվականի հունվարի 7-ին Երևանում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկան հասակում Կանադայում, համերգներով հանդես է եկել Բելգիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Հոլանդիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հորդանանում և այլուր: Սիրուշոյի առաջին ալբոմը` «Սիրուշո» անվանումով դուրս է եկել 1999-ին, իսկ երկրորդը` «Շերամ»-ն էր, 2005-ին:
Այս տարի Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցում միջազգային այս մրցույթին: 2006-ին «Եվրոտեսիլ»-ում Հայաստանը «Without Your Love» երգով ներկայացրեց Անդրեն, ով զբաղեցրեց 8-րդ տեղը: Նախորդ տարի «Anytime you need» երգով մրցույթում հանդես եկավ Հայկոն, ով կրկին զբաղեցրեց 8-րդ տեղը:
Հետաքրքիր է, որ նախօրեին պարզ դարձավ, որ այս տարի ևս Ռուսաստանը մրցույթում կներկայացնի Դիմա Բիլանը, ով «Եվրոտեսիլ-2006»-ին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները