ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
Ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 225 հոդվածի 3-րդ մասով և 300 հոդվածի առաջին մասով մեղադրվելու համար հետախուզվում են Սասուն Մեխակի Միքայելյանը (ծնվ. 07.11.1957 թ., բն. ք. Հրազդան, Վանատուր թաղ. 76 տուն) և Խաչատուր Ալբերտի Սուքիասյանը (ծնվ.15.09.1961 թ., բն. Երևան, Զավարյան փող. 6 տուն) և ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով մեղադրվելու համար հետախուզվում է Նիկոլ Վովայի Փաշինյանը (ծնվ. 01.06.1975 թ., գրանցված ք. Իջևան, Մետաղագործների փող. 8 շ., բն. 3, բնակվող` ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց, 29 շենք, բն. 15):
Ինչպես հայտնում է Ոստիկանությունը, նրանք մեղադրվում են 2008 թ. մարտի 1-ին Երևանի Օպերայի հրապարակում Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային, հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին բռնությամբ զուգորդված դիմադրություն ցույց տալու, 2008 թ. մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում հրազենի, պայթուցիկ նյութերի և այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, ովքեր որևէ տեղեկություն ունեն հետախուզվողների մասին, զանգահարեն ոստիկանության Կենտրոնականի բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 52-02-02, 53-02-02, 56-02-02 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: