Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՄԵՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՂԱՆԱԿԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼԸ ՉԷ»
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը կառավարությունում հանդիպում է ունեցել հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների` գործարարների միությունների, ասոցիացիաների, հիմնադրամների, ՀԿ-ների ղեկավարների հետ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, հարկային պետական ծառայության, առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության հետագա զարգացման, պետություն-գործարար համայնք համագործակցության կատարելագործմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հիմնականում անդրադարձ է եղել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի կիրառման հետ կապված խնդիրներին:
Մինչ նշված հարցերի շուրջ մտքերի փոխանակությանն անցնելը, վարչապետն ուշադրություն է հրավիրել մի քանի կարևոր դրույթների վրա: Նա նշել է, որ ոչ միայն փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների, այլև, ընդհանրապես, գործարարների ու պետության շահերը համընկնում են, և դա առաջին հերթին մեր երկրում գործարարության զարգացումն է: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև պետության և գործարարների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ գործարարների կողմից իրենց շահերը պաշտպանելու ամենարդյունավետ եղանակը ոչ թե պատգամավոր դառնալը կամ այլ` գործարարությանը չառնչվող գործունեությամբ զբաղվելն է, այլ հենց գործարարների միություններում, ասոցիացիաներում միավորվելը և այդ շրջանակներում առկա խնդիրների վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելը, որոնց նկատմամբ կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է շատ ուշադիր լինել:
Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին, հարկային պետական ծառայության պետին` փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի երեք ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկշաբաթյա ժամկետում ի մի բերել արված բոլոր առաջարկությունները և ներկայացնել` քննարկված խնդիրների վերաբերյալ ամբողջական ու արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան