ՆԻՍՍ. ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է
«Արագ և կույր» շախմատի ուժեղագույնների առաջնության երկրորդ փուլից հետո «Կորուս Չեսս 2008»-ի չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ընդհանուր հաշվարկում առաջատար է: Նա 3 միավորով աշխարհի գավաթակիր, հնդիկ Վիշվանաթան Անանդի և ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ զբաղեցնում է 1-3-րդ հորիզոնականները: Երկրորդ տուրում մեր շախմատիստը հանդիպել է Ուկրաինան ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ:
«Արագ» մրցաձևում Արոնյանը հաղթանակ է տոնել, իսկ մյուս մրցաձևն ավարտվել է խաղաղ արդյունքով: Մեր մարզիկն «արագ» մրցաձևում 2 միավորով հնդիկ գրոսմայստերի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «կույր» խաղաձևում՝ 1 միավորով աղյուսակի միջին հատվածում է: Անանդն այս տուրում նույն արդյունքներն է ցույց տվել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, Վասիլի Իվանչուկն էլ՝ Բորիս Գելֆանդի:
Հատկանշական է, որ «արագ» մրցաձևում բոլոր հանդիպումներն ավարտվել են արդյունավետ ելքով:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը «արագ» խաղում առավելության էր հասել հոլանդացի Վան Վելիի նկատմամբ, իսկ «կույր» մրցաձևում ոչ ոքի էր խաղացել:
«Amber Rapid and Blindfold» միջազգային առաջնությունը մեկնարկել է մարտի 15-ին և կշարունակվի մինչ այս ամսվա 27-ը: Այն անց է կացվում Ֆրանսիայի Նիսս քաղաքում: