ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱԷԿ ԿԱՌՈՒՑԵԼ
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում նոր ատոմակայան կառուցել, նախօրեին Երևանում հայտարարել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Ռապպոպորտը: Մենք, իհարկե, նախատեսում ենք զբաղվել ոչ միայն գործող ԱԷԿ-ի կառավարմամբ, այլև` առաջարկում ենք նոր ատոմակայան կառուցել»,- այս մասին նա հայտնել է Հ2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ Ա. Ռապպոպորտը նշել է, որ ընկերությունը պատրաստ է գործընթացում հանդես գալ և որպես ներդրող, և որպես ինժեներ: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ հայկական կողմի հետ ԱԷԿ-ի կառավարման ժամկետը երկարացնելու մասին դեռևս բանակցություններ չեն վարել: Միևնույն ժամանակ, ԱԷԿ-ի կառավարումը դրական գրահատելով, նա չբացառեց նման բանակցությունների անցկացումը մոտակա 1-2 ամիսների ընթացքում:
«Մենք բարդ զգացողություն ունենք: Մենք կայանը կառավարել ենք հինգ տարի և դա` կայանի գործելու աշխատանքներում, մեծ ներդրում ենք համարում, բայց դրա հետ մեկտեղ գումար չենք վաստակել»,-նշեց Ա. Ռապպոպորտը:
Նշենք, որ հայկական ԱԷԿ-ը շահագարծման է հանձնվել 1976-ի հունվարին, իսկ 1989-ին փակվել է: Էներգետիկ ճգնաժամի պատճառով կայանի երկրորդ բլոկը սկսել է աշխատել 1995-ից: Իսկ 2003-ի սեպտեմբերին, ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը հինգ տարի ժամկետով անցան «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի «ՌԱՕ ԵԷՍ ՌՈՍՍԻԻ» դուստր ձեռնարկության և «Ռոսէներգատոմ» կոնցեռնին: Փորձագետների գնահատականով, կայանը կարող է աշխատել մինչև 2016 թվականը: Ըստ նախնական հաշվարկների, ԱԷԿ-ի փակման համար հարկավոր է մոտ 280 մլն դոլար, իսկ նոր կայանի կառուցման համար` շուրջ 2 մլրդ դոլար: