ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԱԾ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին ստորագրած հրամանագրով մշակույթի նախարար է վերանշանակվել Հասմիկ Պողոսյանը: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարին ներկայացրեց նախարարության աշխատակիցներին:
Վարչապետը նշեց, որ Հ. Պողոսյանը պատասխանատվություն է կրել մշակույթի բնագավառի համար նախկին կառավարությունում, և այսօր նրան է վստահված սկսված գործի շարունակությունը։ «Զարմացած էի, երբ մշակույթի բնագավառի 300 ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրանք բոլորը միաձայն սատարել են Հասմիկ Պողոսյանի թեկնածությանը»,-նշեց նա։
Վարչապետը խոսեց նաև մեր մշակույթի մասին` ասելով, որ մշակույթը մեր ժողովրդի կյանքի էությունն է, իսկ այսօրվա գոյությունը՝ ինքնատիպ մշակույթի արդյունք է: «Հայ ժողովրդի պատմությունը անհնար է ներկայացնել առանց նրա մշակույթի»,-ասաց Տ. Սարգսյանը։ Նա առաջարկեց ստեղծել մշակութային թեմատիկային նվիրված առանձին մասնագիտացված հեռուստաալիք:
Մշակույթի նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կառավարության ղեկավարին ցուցաբերած վստահության համար։ «Ես գիտակցում եմ, որ մենք պետք է մեծ աշխատանք կատարենք։ Միաժամանակ ես շատ ուրախ եմ, որ ձեր կողմից ներկայացված դրույթները համահունչ են մեր կողմից մշակվող ծրագրերի հետ»,- ասաց Հ. Պողոսյանը: