ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Ապրիլի 19-ին Թբիլիսիում կանցկացվի «1915-1923 թթ-ի Հայոց ցեղասպանությունը. Հայացք Թբիլիսիից, Ստամբուլից և Երևանից» թեմայով միջազգային գիտաժողովը: Այս մասին հայտարարել է Վրաստանի հետ համագործակցության հայկական կենտրոնը: Գիտաժողովի շրջանակներում ելույթ կունենան Վրաստանի, Թուրքիայի և Հայաստանի պատմաբաններ ու քաղաքագետներ: Մասնավորապես, ելույթով հանդես կգան Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Կետևան Կուտատելաձեն և Լելա Ձեձալավան և պատմության ինստիտուտից` Էկա Կվաչատիրաձեն:
Գիտաժողովին հրավիրված են Վրաստանի կառավարության և գիտական ոլորտի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, հոգևորականներ և մտավորականներ: Միջոցառումը նվիրված է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Գիտաժողովը կազմակերպվել է Վրաստանի հետ համագործակցության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, որին աջակցել է ՀՀ ԳԱԱ-ին կից Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության փաստն ընդունել է 20 երկիր` Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ներքին պալատը, ԱՄՆ-ի մոտ 40 նահանգներ, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային ժողովը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լեհաստանի Սեյմը և մի շարք միջազգային կազմակերպություններ: