Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶԲԱՂՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ
Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նախօրեին Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Ինչպես տեղեկացանք արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհավորելով Է. Նալբանդյանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ՝ հույս հայտնել, որ նախկինում ստեղծված սերտ շփումներն ու համագործակցությունը կշարունակվի ավելի մեծ թափով:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջև 2008-2009թթ. համար համագործակցության ազգային ծրագրավորման փաստաթղթի շրջանակներում նախատեսված կրթության, մշակույթի և տեղեկատվության ու հեռահաղորդակցության ոլորտներում կոնկրետ գործողությունների հետ կապված հարցեր:
Է. Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության գործում ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջնորդությունն ու աջակցությունն ապահովելու անհրաժեշտության վրա` մասնավորապես խորը մտահոգություն հայտնելով Նախիջևանում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի կապակցությամբ: Նա կրկին անգամ կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ջուղայի հայկական հուշարձանների դեմ մշակութային ահաբեկչությունը դատապարտելու նպատակով:
Հանդիպման վերջում ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Է. Նալբանդյանին խնդրել է իր շնորհավորանքները և հաջողության մաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին: