ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿԾԱԽՍՎԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր կայացավ բրիտանական ֆիլմերի 7-րդ փառատոնի բացման արարողությունը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Դիդյեն Դյուրվասի խոսքով, փառատոնի նպատակը բրիտանական մշակույթն ու արվեստը, կենցաղն ու սովորույթները հայ հանրությանը ներկայացնելն է:
Փառատոնի շրջանակներում ներկայացված 6 լավագույնը ֆիլմեր ճանաչված և ընդունված են եվրոպական հանդիսատեսի կողմից: «Բոլոր ֆիլմերն էլ բազմաթիվ մրցանակներ են ստացել»,- տեղեկացրեց փոխդեսպանը:
Բրիտանական Խորհրդի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի տեղեկացմամբ, փառատոնի շրջանակներում մանկատան երեխաների համար տեղի է ունենալու մուլտֆիլմի ցուցադրություն:
«Բացի այդ, այս տարի փառատոն կանցկացվի նաև Գյումրիում` մայիսի 6-11-ը»,- հայտնեց Ա. Սարիբեկյանը: Վերջինիս հավաստմամբ, ֆիլմերի տոմսերի վաճառքից առաջացած ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործությանը:
Փառատոնը Երևանում կշարունակվի մինչև մայիսի 4-ը: Ֆիլմերի ցուցադրությունը նախատեսված է երկու լեզուներով` անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև հայրերեն ենթագրերով: