ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ
Այսօր մեկնարկելու է «Թանգարանային գիշեր 2008»-ը, որի ընթացքում բոլոր մասնակից թանգարանները ժամը 18.00-ից մինչև 01:00-ն արվեստասեր հանրությանն անվճար հյուրընկալելու են իրենց հարկի տակ: Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտնեց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:
«Թանգարանային գիշեր-2008»-ն անցկացվում է «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգացման գործակալներ» խորագրով: Թանգարաններում այդ ընթացքում ցուցադրվելու են ոչ միայն հիմնական ցուցանմուշները, այլ նաև` երկար ժամանակ պահոցներում պահվող աշխատանքներ, նաև այնպիսի գործեր, որոնք չեն համապատասխանում տվյալ թանգարանի ուղղվածությանը»,-նշեց փոխնախարարը: Նրա խոսքով, թանգարաններում անցկացվելու են նաև միջոցառումներ, որին մասնակից կարող են լինել նաև այցելուները` ակամայից ընդգրվելով դրանց մեջ:
Ասուլիսին ներկա մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության թանգարանների և գրադարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանի խոսքով, «Թանգարանային գիշեր-2008»-ին մասնակցում են հայաստանյան գրեթե բոլոր թանգարանները, բացի նրանցից, որոնցում շինարարական աշխատանքներ են ընթանում` Խ. Աբովյանի, Ա. Իսահակյանի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանները և ուրիշներ:
Նշենք, որ Հայաստանն այս նախաձեռնությանը մասնակցում է 2005 թ-ից:
Եվրոպայի ավելի քան 1200 թանգարաններ, ցանկանալով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները հանրությանը ներկայացնել նորովի` մասնավորապես երիտասարդության համար բացահայտել մշակութային ժառանգության բյուր շերտերը, համախմբվեցին և 2005 թ. կազմակերպեցին «Թանգարանային գիշեր» խորագրով առաջին ակցիան: Ակցիային մասնկցում են Եվրոպայի շուրջ 40 երկրների` արվեստի, ազգագրության, պատմության, գիտությունների ավելի քան 2000 թանգարաններ: Ակցիան անցկացվում է Եվրոպայի խորհրդի բարձր հովանավորությամբ ու ԻԿՕՄ-ի աջակցությամբ:
2007թ. այս ակցիայի շրջանակում Եվրոպայի 41 երկրի 960 թանգարան հաճախել են 1.3 միլիոն այցելու: Հայաստանի 30-ից ավելի թանգարան հյուրընկալել են 8000 այցելու: Վիճակագրության համաձայն, ամենաշատն այցելում են Հայաստանի Ազգային պատկերասրահ:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ը ողջ աշխարհում նշվում է թանգարաններրի միջազգային օր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները