ՎԱՐՉԱՊԵՏ. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ճեպազրույց էր հրավիրել՝ մաքսային և հարկային վարչարարության բարելավման վերաբերյալ չորս հայտարարություն անելու նպատակով: Այդ հայտարարությունները, ինչպես ներկայացրեց վարչապետը, բխել են քսան օր առաջ նույն խնդիրների վերաբերյալ նախագահի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունից: Հանրապետության նախագահի հրանձնարարկանով մշակված է հարկային և մաքսային վարչարարության բարելավման համալիր ծրագիր, որը ներկայացվել է հանրության դատին, անցել է միջազգային փորձաքննություն, արժանացել մասնագետների բարձր գնահատկանի:
Այսօր վարչապետը հայտարարեց, որ ծրագրի պահանջներից մեկն էլ վարչապետի գլխավորությամբ եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ ստեղծելն է, որն արդեն ձևավորված է: Դրա կազմում ընդգրկված են նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները: Խորհրդի խնդիրն է կոորդինացնել վարչարարության բարեփոխումները, վերահսկել այդ գործընթացը և մշտական կապի մեջ լինել հանրության և բիզնեսի ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ:
Տ. Սարգսյանը նաև հայտնեց, որ բարձրագույն խորհրդին կից ստեղծվելու է նաև մոնիտորինգի խումբ, որը ղեկավարելու է Արամ Ղարիբյանը: Վարչապետի խոսքով, խորհուրդը պատրաստ է լսել քաղաքացիների բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, քննարկել դրանք և դրա շնորհիվ ապահովել բարեփոխումների սահուն ընթացք: Նոր մշակույթի ներդրման համար բանախոսն ընդգծեց փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչն այսօր բացակայում է: Դա կարելի է վերականգնել միայն հավասար վերաբերմունքի և հրապարակայնության արդյունքում:
Վարչապետի երրորդ հայտարարությունը վերաբերում էր փոքր և միջին բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Փոքր և միջին բիզնեսը պետք է զգա պետության լիակատար աջակցությունը, այդ նպատակով փոքր և միջին բիզնեսի զարգացման տարածքային կենտրոնները պետք է աջակցեն նաև հարկային ու մաքսային վարչարարության ներդրման գործում, տրամադրեն խորհրդատվություն: «Հիմնական սկզբունքները լինելու են հետևյալը. վարչարարությունը փոքր և միջին բիզնեսի ոլորտում մենք հասցնելու ենք նվազագույնի, իսկ օժանդակությւոնը, այդ թվում նաև հասանելի վարկերի ձևով, մենք հասցնելու ենք առավելագույնի»,-ասաց վարչապետն ու ավելացրեց, որ ստեղծելու են այնպիսի միջավայր, որ հարկային մարմինների հետ շփումները իրականացվեն մասնագիտացված կառույցների կողմից, որոնց ծառայությունների գների նվազեցման ուղղությամբ կառավարությունը ձեռնարկելու է լրացուցիչ լուրջ միջոցառումներ:
Պետք է ձեռնամուխ լինել նաև վարչարարության պարզեցմանը, օրինակ հուլիսի 15-ից նոր մեխանիզմներ են ներդրվելու, որոնք հստակորեն նկարագրում են, թե այդ վարչարարությունը ինչպես է իրականացվում, բացի այդ ստուգումները հասցվելու են նվազագույնի, սակայն լինելու են հրապարակային:
Տ. Սարգսյանի չորրորդ հայտարարությունն աջակցության խնդրանք էր՝ ուղղված զանգվածային լրատվամիջոցներին ու հանրությանը: «Աջակցություն, որպեսզի մեր բարեփոխումները իրականություն դառնան: Հասկանալի է, որ դրանք իրականություն կդառնան, եթե լինի վստահություն»,-եզրափակեց նա:
Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետն ընդգծեց, որ բիզնես միջավայրից ստացած հիմնական դժգոհությունը վերաբերում է ոչ թե հարկերի բարձր լինելուն, այլ բոլորի համար հավասար պայմանների ապահովմանը: «Այս տեսակետից դժգոհության առաջին ալիքն ուղղվում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ»,-ասաց նա, ավելացնելով, որ նրանց նկատմամբ վստահություն չկա: Ուստի վարչապետը նշեց, որ խնդրի լուծման հիմնական գործիքը լինելու է հրապարակայնությունը՝ հանրությանը ներկայացնել այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են օրենքը խախտած հարկատուների նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան