ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՀԵՏ
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 2-3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի և Ռուսաստանի գլխավոր դատախազության համատեղ կազմակերպած Եվրոպայի պետությունների գլխավոր դատախազների՝ «Դատախազության դերը մարդու իրավունքների և հանրային շահերի պաշտպանության գործում՝ քրեական օրենսդրության ոլորտից դուրս» խորագրով խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Միջոցառմանը Ա. Հովսեփյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ «Մարդու իրավունքների և հանրային շահերի պաշտպանության հարցերը՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի աշխատանքներում» թեմայով՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կոորդինացիոն խորհրդի ձեռնարկած աշխատանքները և Հայաստանի դատախազության փորձը:
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր դատախազն առանձնազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Թուրքիայի դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ՝ քննարկելով երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ա. Հովսեփյանը 2008 թվականի հուլիսի 2-ին Սանկտ-Պետերբուրգում առանձնազրույց է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած թիվ 1620 բանաձևի կատարմանը վերաբերող հարցեր:
Պրն. Համմարբերգը տեղեկացրել է, որ հուլիսի 13-15-ը ժամանելու է Հայաստան՝ տեղում ծանոթանալու 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրելու համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին և գործունեության կարգին, ինչպես նաև նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին:
Նրա փոխանցմամբ՝ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բավական հակասական թվեր են նշվել անգամ քրեական գործի շրջանակներում կալանավորված անձանց և նրանց դատավարական կարգավիճակների մասին և առկա է ճշգրիտ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը:
Ըստ աղբյուրի, մարդու իրավունքների հանձնակատարը հայտնել է, որ Հայաստան կատարելիք այցի ժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված կլինի նաև փորձագետ՝ Շվեդիայից, ով նախկինում զբաղվել է նմանօրինակ հարցերի ուսումնասիրությամբ և որի փորձառությունը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար: