ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ` ԿԵՂԾ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Վերջին տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվող, հետևաբար` հարկային եկամուտները թաքցնող անձանց ինքնասպանության երկու դեպք: Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով, երկու ձեռնարկատերերը դիմել են ինքնասպանության, քանի որ նրանց Քրեական օրենսգրքի 189 հոդվածով (Կեղծ ձեռնարկատիրությունը) նախատեսված մեղադրանք է ներկայացված եղել: Նրանք առանց ապրանքներ մատակարարելու կամ ծաայություններ մատուցելու կեղծ փաստաթղթեր են կազմել, և դրանք կցել են իրենց ծախսերին ու եկամուտներին: Արդյունքում պետական բյուջեին խոշոր չափի վնաս է հասցվել: «Կեղծ ձեռնարկատիրությամբ պետությանը հասցված վնասը հաշվվում է տասնյակ միլիոնավոր դրամներով, իսկ երբեմն այն հասնում է հարյուրավոր միլիոնների»,- ասաց Ա. Ալավերդյանը:
Նշված փաստերով, ըստ Ա. Ալավերդյանի, քրեական գործեր են հարուցվել և ուղարկվել են իրավապահ մարմիններին, սակայն քննության ընթացքում գործով անցնող սուբյեկտը գիտակցելով իր հանցանքը, դիմել է ինքնասպանության:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում հարկային մարմինների կողմից այս տարվա սկզբից հարկեր թաքցնելու գործերով իրականացվել է մոտ 40 գործի քննություն: Նրա խոսքով, դրանց թվում են ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այդքան հայտնի սուբյեկտների նկատմամբ հարուցված գործեր, որոնց բոլորի վերաբերյալ էլ հարկեր թաքցնելու փաստերն հիմնավորվել են: Միևնույն ժամանակ նա կոնկրետ անուններ չտվեց:
Նա նշեց, որ դատարան են ուղարկվում բոլոր այն գործերը, որոնցում ապացուցվել են Քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված փաստը` հարկերից, տուրքերի և պարտադիր այլ վճարներից խուսափելը: «Եթե մենք մեղադրանքը հիմնավորելու բավարար փաստեր ունենք, ապա այդ գործի վերաբերյալ պետք է քննություն սկսվի»,- նշեց Ա. Ալավերդյանը:
Նա հավելեց, որ հարկային մարմինների կողմից հարուցված գործերի մասով արդեն իսկ դատական վճիռներ կան: