ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է. ՆՐԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ
Ծննդյան 70-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանին:
Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Զեյթունցյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Լինելով հայ նորագույն արձակի և թատերգության կարկառուն ներկայացուցիչներից մեկը` Դուք նորարարական շունչ հաղորդեցիք արդի հայ գրականությանը, յուրովի տեսաք ու գնահատեցիք իրականությունը, թարմացրիք հայ արձակի լեզուն` Ձեր ստեղծագործությունների առանցքում պահելով ազգային կեցության և պատմության, համամարդկային արժեքների քննության բարդ խնդիրները:
Դուք 70-ամյա հոբելյանը դիմավորում եք ծանրակշիռ վաստակով, ոչ միայն որպես արձակագիր, դրամատուրգ ու հրապարակախոս, այլև քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող գրական հեղինակություն:
Շնորհավորանքի հետ, ընդունեք խնդրեմ, իմ ջերմագին բարեմաղթանքները. քաջառողջություն և նոր ստեղծագործական նվաճումներ` ի փառս հայ գրականության»: