Ռ. ԲԱԼԱՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՀԱՅԵՐԻ ԾԻԾԱՂԸ, ՈՉ ԹԵ ԼԱՑԸ»
Ամփոփվեց «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում հուլիսի 14-ին մեկնարկած «Համահայկական կինոնախագիծ» ֆորումը, որին մասնակցում էին հայազգի կինոգործիչներ Հայաստանից և արտերկրից: «Կինոնախագծով նպատակ ունենք երկու ֆիլմով միավորել Հայաստանում և արտերկրում աշխատող հայազգի կինոգործիչներին»,-ֆորումի փակման ժամանակ ասաց գրող, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը:
Նշենք, որ նախագծի արդյունքում նախատեսվում է մշակել երկու ֆիլմ-նախագիծ` մեկ խաղարկային և մեկ վավերագրական: Խաղարկային ֆիլմ-նախագծով ստեղծվելու է 90-րոպեանոց ֆիլմ, որտեղ Հայաստանից և Սփյուռքից 8-9 հայ ռեժիսորներ ներկայանալու են իրենց 10 րոպե տևողությամբ ֆիլմերով: Դրանք պետք է միավորվեն մեկ գաղափարի շուրջ, որը պայմանականորեն կոչվելու է «Տուն»: Խաղարկային կինոնախագիծը ղեկավարելու է Ատոմ Էգոյանը: Իսկ վավերագրական կինոնախագիծը կազմված է լինելու կարճ նովելներից, որոնք միավորվելու են «Հող» գաղափարի շուրջ: Յուրաքանչյուր ռեժիսոր կարող է նկարահանել հայկական հողի ցանկացած կտոր, որի միջոցով արտահայտելու է արմատների, հայրենիքի իր գաղափարը:
Դ. Մուրադյանը նշեց, որ երկու ամսվա ընթացքում արդեն ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց նախագծերը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հույս հայտնեց, որ նախագծի արդյունքում այնպիսի ֆիլմ է ստեղծվելու, որն ապագայում ձեռք է բերելու համաշախարհային նշանակություն: Ատոմ Էգոյանն էլ նշեց, որ իրականանալի նախագիծ է: «Նախագծի գեղեցկությունը, յուրահատկությունը նրանում է, որ նկարահանվելու է մի ֆիլմ, որը տարբեր անհատականությունների կողմից պետք է ստեղծվի: Խնդիրը միայն բյուջեի մեջ է»,-ասաց նա` ավելացնելով, որ կամ պետք է ֆինանսավորվի Հայաստանի կողմից, կամ` Սփյուռքի:
Ֆորումի փակմանը ներկա հայազգի ռուս կինոռեժիսոր Ռոման Բալայանը նշեց, որ որպես իսկական հայ, հիշելով հայ ժողովրդի պատմությունը, հաճախ է տխրում, բայց ներքուստ երջանիկ մարդ է: Նա ֆիլմի սյուժեները մշակողներին ասաց, որ աշխարհին հետաքրքիր չէ` ինչպես են տխրում, լացում հայերը, այլ հետաքրքիր է` ինչպես են ծիծաղում:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնն ավարտվում է այսօր: Այն մեկնարկել էր հուլիսի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում