ՕԳՈՍՏՈՍ 10-15. ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում: Այս մասին ասուլիսում հայտնեց մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: Փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը նշեց, որ փառատոնը միտված է միջազգային, ամենադեմոկրատական և բոլորին հասանելի` մնջախաղի լեզվով, ժամանակակից ժամանցային ռեսուրսներով ու հարուստ մշակութային ավանդույթներով ներկայանալ աշխարհին և միջազգային հանրությանը:
«Փառատոնի նպատակներից է համագործակցությունը միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ, անդամակցել համաշխարհային թատերական գործընթացներին, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրի հանդիսատեսին հասանելի դարձնել»,-ասաց Ժ. Դադասյանը:
Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրերին պատկանող 9 թատրոն 70 մասնակցով` Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Ռուսաստան: Փառատոնին մասնակցում են նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ ու թատերախմբեր` «Միհր», «Միմ», «Օվասիս», «Երևանի մնջախաղի պետական թատրոն»:
Ըստ փառատոնի տնօրենի, հինգ օրվա ընթացքում ցերեկային ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում ներկայացնելու են իրենց արվեստը: «Փառատոնի ծրագրում ընդգրկված «փողոցային թատրոնները» շատ կարևոր են. այսինքն ոչ թե հանդիսատեսն է գալիս թատրոն, այլ թատրոնն է գնում դեպի ժողովուրդը` փորձելով գրավել անցորդների ուշադրությունը»,-նշեց Ժ. Դադասյանը:
Նշենք, որ մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը նախաձեռնել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնը` մշակույթի նախարարության և Ազգային թատերական ստեղծագործական միավորման աջակցությամբ։ Մնջախաղի միջազգային փառատոնը կանցկացվի 2 տարին մեկ անգամ։