ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվելու է Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրաքանակը մինչև 360 մլն խորանարդ մետրի հասցնելու հարցը: Այս մասին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Նշենք, որ հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել 2008 թ. ոռոգման համար Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակությունը օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետրից հասցնել 197 մլն խորանարդ մետրի։ Այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր Հրազդան գետից բնական ճանապարհով եկող ջրերի նվազմամբ և ջրօգտվողների պահանջարկի ավելացմամբ: Հաշվի առնելով 2008թ. ոռոգման շրջանի ընթացքում արձանագրված աննախադեպ բնակլիմայական պայմանները, Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի օրենքում լրացումներ կատարելում մասին» ՀՀ օրենքը (որը գտնվում է վավերացման փուլում), համաձայն որի 2008թ. ոռոգման շրջանի ընթացքում Սևանա լճից ջրառը նախատեսվում է իրականացնել մինչև 240 մլն խմ ջրաքանակի սահմաններում:
Ա. Անդրեասյանը նշեց, որ նախապես որոշված բաց թողնվող ջրի ծավալը բավարար չէ այս տարվա համար մի քանի պատճառով: Նախ այն, որ ոռոգման սեզոնն այս տարի սկսվել է մարտ-ապրիլ ամիսներին, ջերմաստիճանը բավականին բարձր է, ջրամբարներում ջուրը քիչ է, ինչպես նաև ցանքատարածքներն ավելացել են:
«Հակառակ դեպքում մենք կունենք հացահատիկի խնդիր, այսինքն հարկավոր է գյուղատնտեսությանն ապահովել ջրով»,-ավելացրեց ճեպազրույցին ներկա գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նշենք, որ այդ փոփոխությունը վերաբերելու է միայն այս տարվան: