ԲԵՆԶԻՆԸ ՍՈՒՂ Է, ԹԵԵՎ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԲԱՆ Է ՀԱՎԱՍՏՈՒՄ
Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ճեպազրույցում պաշտոնապես հայտարարեց, որ այս պահին Հայաստանը վառելիքի հետ կապված որևէ խնդիր չունի. Փոթի նավահանգստում և Բաթումիում կատարվող բեռանփոխադրումն ու երկաթգծով Վրաստանից Հայաստան ներմուծումը կատարվում է անխաթար: «Երկաթգիծը ոչ մի վայրկյան չի կանգնել: Շրջանառվող լուրերը, իբր այն չի աշխատում` չի համապատասխանում իրականությանը»,-ընդգծեց նախարարը:
Գ. Սարգսյանը վստահեցրեց, որ բենզինի վաճառքի հետ կապված սահմանափակումներ չկան, քանի որ վառելանյութի բավարար պաշարներ կան Հայաստանում: «Այսօր մենք չունենք վառելիքով բեռնված վագոն, որը չի ներմուծվել Հայաստան. Վրաստանում առկա ամեն ինչ ներմուծվել է Հայաստան»,-ասաց նախարարը: Այսինքն, Վրաստանի տարածքում չկա կուտակված վառելանյութ, որը հնարավոր չէ ներմուծել Հայաստան: Ճեպազրուցի վերջում Գ. Սարգսյանը կրկին անգամ հավաստիացրեց, որ սպառման դաշտում առաջացած խնդիրները զուրկ են ամեն տեսակի հիմքից:
Panorama.am-ի թղթակիցը հարցի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ բենզին ներկրող ընկերություններից: «Ֆլեշ», «Արաքս» ընկերություններից պատասխանեցին, որ հարցին լիազորված են պատասխանելու միայն ընկերության տնօրեններն ու փոխտնօրենները, ովքեր անհայտ ժամանակով դուրս են եկել ընդմիջման: Մեզ հաջողվեց կապնվել «Միկա» ընկերության հաշվապահության հետ, որտեղից պատասխանեցին. «Պատճա՞ռը. Վրաստանում պատերազմ է, վագոններն արդեն մեկ շաբաթ է, մնացել են, չեն գալիս»:
Panorama.am-ը կփորձի օրվա ընթացքում տեղեկություններ ստանալ նաև մյուս ընկերությունից: Իսկ մինչ այդ փորձեցինք իրավիճակի մասին պատկերացում կազմել լինելով մի քանի բենզալցակայաններում: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գործող «Միկա» բենզալցակայանում բենզինը վաճառվում էր միայն կտրոն ունեցող վարորդներին, ովքեր այս կամ այն կառույցի աշխատողներ էին, Իսակովի պողոտայի վրա` Արարատյան մաքսատան հարևանությամբ գտնվող կրկին «Միկա» բենզալցակայնում վաճառք չէր իրականացվում, այն փակ էր, Ավտոկայանի դիմաց գտնվող Ֆլեշ բենզալցականում բենզինը վաճառվում էր առանց որևէ սահմանափակումներ, այդ իսկ պատճառով այնտեղ հերթ էր գոյացել: Ինչպես պատմեց վարորդներից մեկը, նախորդ բենզալցակայնում բենզինը վաճառել են մինչև 7 հազար դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ այսօր մայրաքաղաքի բենզալցակայաններում բենզինը վաճառվում է սահմանափակ` մինչև տասը լիտր քանակությամբ: