ՄԱՀԱՑԵԼ Է ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ՄԵՂԱՎՈՐՆԵ՞Ր
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդաբերության ժամանակ մահացել է 1977 թվականին ծնված Գ. անունով քաղաքացուհին: Ծննդաբերությունը ընթացքի կեսից բժիշկը որոշել է, որ կեսարյան հատում պետք է կատարվի: Արվել է լրիվ անզգայացում: Վիրահատման ժամանակ արնահոսություն է սկսվում և Գ-ն, այդպես էլ ուշքի չգալով` մահանում է:
Panorama.am-ի ունեցած տեղեկատվության համաձայն` աղջիկ-երեխան կենդանի է մնացել: Ըստ լուրերի` ծննդաբերությունն ընդունող բժիշկը փախուստի մեջ է և այս պահին գործի չի գնում:
Առավոտյան Panorama.am-ը պարզաբանումներ չստացավ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից` ծննդատան վարիչ Էդվարդ Ավագյանը տեղում չէր: Քարտուղարուհին հայտնեց, թե միայն նա է իրավասու պատասխանել մեր հարցերին: Այս պահին նույնպես տեղում չէր:
Առողջապահության նախարարությունում ասացին, որ իրենք տեղյակ են դեպքին` «զեկուցել են»:
«Դեպքի պատճառները դեռ ճշտված չեն և առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնը իրականացնում է դատաբժշկական փորձաքննությունը, որի ավարտից հետո նախարարությունում կանցկացվի ծառայողական քննություն` պարզելու, թե ովքեր են մեղավորները»,-պարզաբանեց Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 1-ին մուտքագրվել է այս դեպքի հետ կապված դիմում (դիմել է Գ-ի սկեսրայրը): Քրեական գործ, ըստ տեղեկատվության, կհարուցվի, եթե դատափորձաքննությունը պարզի, որ կան մեղավորներ:
Հիշեցնենք, որ հուլիսի մեկից ծննդատներում առողջապահության նախարարության աշխատակիցներից կազմված մոնիտորինգային խմբեր են աշխատում: Ճիշտ է` Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացը վերահսկելու համար:
Ըստ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանի, մոնիտորինգային խմբերի նպատակն էր «միաժամանակ հսկողություն և աջակցություն ցուցաբերել տեղերում»:
Այս մեկին` չկարողացան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան