ԻՐԱՆԻՑ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐԿՐՎԻ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ը
Իրանը Հայաստանին կսկսի գազ մատակարարել մինչև հոկտեմբերի 13-ը: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի Գազի Ազգային ընկերության (NIGC) ներկայացուցիչ Ռասուլ Սալմանին, - տեղեկացնում է «Թեհրան Թայմսը»: Նա նաև ասել է, թե Հայաստանն էլ իր հերթին սկսել է էլեկտրականություն արտահանել Իրան:
Էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը Panorama.am-ին պարզաբանեց, որ այս պահին նախարարության ներկայացուցիչները գտնվում են Իրանում, և բանակցություններ են ընթանում իրանական կողմի հետ: «Երբ ինչ-որ բան ճշտվի, մենք կտեղեկացնենք»,- կարճեց մամուլի քարտուղարը:
«Իրանը պլանավորել է տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել Հայաստան: Սկզբնական շրջանում Իրանը պատրաստվում է քիչ ծավալով գազ արտահանել Հայաստան, ինչը ժամանակի ընթացքում կավելանա և 2019-ին Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալը կհասնի 2,3 մլրդ խորանարդ մետրի»,- ասել է Իրանի Գազի Ազգային ընկերության (NIGC) ներկայացուցիչը: Իրանից Հայաստան գազը մատակարարվում է Իրան-Հայաստան գազատարի միջոցով:
Հիշեցնենք, որ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ Հայաստանի ու Իրանի միջև կառուցված գազամուղի հզորությունը մինչև այս տարվա նոյեմբեր կհասնի մինչև տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետրի:
Նկատենք, որ Ռուսաստանից ներկրվող գազի գինը եկող տարվա ապրիլից կսահմանվի 154 դոլար հազար խորանարդ մետրի համար: Այն այժմ 110 դոլար է, իսկ 2010 թվականից գազի գինը ևս մեկ անգամ կբարձրանա` հասնելով 200 դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան