2009-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ 45-ՈՎ
Հաջորդ ուսումնական տարվա ընթացքում հանրապետությունում ավագ դպրոցների թիվը կավելանա 45-ով: Այժմ Հայաստանում գործում է 10 փորձնական ավագ դպրոց: Այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը: Նա հայտնեց, որ 2010-ին նախատեսված է ավագ դպրոցների թիվն ավելացնել 50-ով, իսկ 2011 թվականին հանրապետությունում պետք է գործի 150 ավագ դպրոց:
ԿԳ փոխնախարարի ներկայացրած վիճակագրության համաձայն` ամեն տարի Երևան քաղաքի շրջանավարտների մոտ 40 տոկոսն է դիմում բարձրագույն ուսումական հաստատություն, իսկ մարզերում այդ թիվը կազմում է 20 տոկոս: «Ավագ դպրոցների ցանցի ստեղծումով առաջին հերթին փորձում ենք հանրապետության բոլոր մարզերում կրթական հավասար հնարավորություններ ապահովել բոլոր շրջանավարտների համար»,-հավելեց նա:
Ըստ Բ. Եսայանի` այսօր գործող համակարգը չի կարողանում ապահովել նախամասնագիտական գիտելիքների մատուցումն այն աշակերտներին, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը միջնակարգ դպրոցից հետո:
«Այսօր միջնակարգ դպրոցների աշակերտները ստիպված են ուսումնասիրել բոլոր 15 առարկաները, որոնք նախատեսված են ըստ ուսումական ծրագրի: Իսկ փորձնական ավագ դպրոցներում աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու իրենց անհրաժեշտ առարկաները: Ավագ դպրոցներն ունեն հոսքային ուղղություներ, բացի այդ` աշակերտը նաև հնարավորություն ունի հոսքը փոխել»,- հավելեց նա:
«Ավագ դպրոցներում մատուցվելու է որակյալ ծառայություն, որպեսզի երեխաներն այլևս կրկնուսույցների մոտ հաճախելու կարիք չունենան»,- վստահեցրեց ԿԳ փոխնախարարը:
Բ. Եսայանի խոսեքերով, այս տարի փորձնական ավագ դպրոցների ուսուցիչների համար հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կազմակերպվելու են լայնածավալ վերապատրաստման դասընթացներ:
Նա նշեց նաև, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, սակայն բարձր դասարաններում ուսումնառության գործընթացն ավելի ծախսատար է դառնում, այդ իսկ պատճառով նախատեսվում է, որ ավագ դպրոցի աշակերտները կֆինանսավորվեն 20 տոկոսով ավելի, քան հիմնական դպրոցի աշակերտները:
ԿԳ փոխնախարարը տեղեկացրեց, որ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները մյուս շաբաթվանից պարբերաբար կայցելեն փորձնական ավագ դպրոցներ, կհանդիպեն աշակերտների, ուսուցիչների և ծնողների հետ` պարզելու համար, թե ի՞նչ խնդիրներ կամ դժգոհություններ կան այդ դպրոցներում: