ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «MICROSOFT»-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանին:
Վարչապետը նշել է, որ իրենք կարևորում են 2007 թվականի հունվարին Էդինբուրգում ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքված պայմանագիրը և պատրաստակամ են ապահովել այդ փաստաթղթում ամրագրված դրույթների իրականացումը:
«Ուրախ եմ, որ սկսել ենք համագործակցությունը, և այսօր արդեն ժամանակն է քննարկելու մեր վաղվա ծրագրերը և մոտ ապագայում դրանք իրականություն դարձնելու պայմանների ստեղծումը», - ասել է ՀՀ վարչապետն ու հավելել, որ կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է առաջնահերթ և «Մայքրոսոֆթի» հետ համագործակցությունը դիտարկում է այդ տեսանկյունից` համոզված, որ դա կօգնի Հայաստանը դարձնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացած երկիր:
Այնուհետ կողմերը քննարկել են հիշյալ պայմանագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա անելիքները: Տ. Սարգսյանն ընդգծել է, մասնավորապես, Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (MIC) հիմնադրման կարևորությունը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման համար:
Խոսելով նշված և այլ ծրագրերի մասին` «Մայքրոսոֆթի» փոխնախագահը հանգամանորեն ներկայացրել փոխգործակցության ընթացքը, զարգացման միտումներն ու սպասվող արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան