ԸՍՏ ԻՐԱՎԱԳԵՏԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱԲԱՆԻ, ՎԵՐՋԱԿԵՏ ԴՆԻ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ, ՈՐ ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՉԵՆ ԿՐԿՆՎԻ
«Եթե մարտյան դեպքերի մանրամասների պարզաբանումը չտրվի, ապա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը ստիպված է լինելու առաջիկա հինգ տարվա ընթացքում համակերպվել այն մտքի հետ, որ կա մի երևույթ, որը, կոպիտ ասած, իրենց կոկորդին է կանգնել: Դա հասարակությանը լարվածության մեջ է պահելու, հիմք է լինելու ընդդիմության համար հանրահավաքներ անել»,- Panorama.am-ի հետ հարցազրույցում պնդում է իրավագետ Հրայր Թովմասյանը:
Panorama.am.- Շատ քաղաքական գործիչներ շեշտում են, որ նախագահի հրամանագրով ստեղծված փաստահավաք խմբի իրավական հիմքերը թույլ են: Դուք որպես իրավագետ, ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս այդպես է: Ինչո՞ւ հրամանագրով, այլ ոչ թե օրենքով սահմանվեց փաստահավաք խմբի կարգավիճակը:
- Ես չէի ցանկանա այդ հարցին անդրադառնալ, բայց օրենքով նման մարմին ստեղծելը ևս հակասահմանադրական կլիներ, որովհետև Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ժողովուրդը իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Բնականաբար, էդպիսի մարմին, որ որոշ պատգամավորներ պնդում են թե պետք է ստեղծվի, Սահմանադրությամբ նախատեսված չէ և օրենքով նման մարմին չէր էլ կարող ստեղծվել, որը օժտված կլիներ իշխանական լիազորություններով: Այս առումով, իհարկե, նաև նախագահի հրամանագրով դա ստեղծելը խոցելի է, միգուցե ենթահանձնաժողով կամ աշխատանքային խումբ կարող էր ստեղծվել հենց Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովում, բայց դա հարցի մի կողմն է: Միջազգային փորձագետները, նույն Համմարբերգը (նկատի ունի ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին-թղթ.) պնդում էր, որ ցանկալի է, որ խումբը ստեղծվի նախագահի հրամանագրով:
Իհարկե, կրկնում եմ` հրամանագիրը որոշակի խոցելի տեղեր ունի, բայց այլ տարբերակ, առավել անխոցելի, շատ դժվար է գտնել:
Ցանկալի կլիներ, որ Ազգային ժողովի այդ հանձնաժողովը ստեղծվեր այդ պարիտետային սկզբունքներով, որովհետև միջազգային պրակտիկան վկայում է այն մասին, որ այսպես կոչված քննիչ հանձանաժողովները, որի ֆունկցիան այսօր բովանդակային առումով կատարում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ձևավորվում են այնպես, որ քաղաքական իշխանությունն ու քաղաքական ընդդիմությունը ներկայացվեն հավասար սկզբունքներով: Մենք այդ պահն արդեն իսկ բաց ենք թողել, որի պատճառով, անկախ նրանից, թե հանձնաժողովն ինչպես է աշխատում, հաարակական անվստահություն կա նրա նկատմամբ: Քաղաքական լարվածության այս պայմաններում միգուցե նաև օբյեկտիվ է, որ վերաբերմունքն այդպիսին է լինելու: Մարտյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովն առաջին հերթին պետք է վստահություն ներշնչեր հասարակության մեջ իր կազմի առումով, ինչն այսօր չկա: Եվ փաստահավաք խմբի ստեղծման մասին նախագահի հրամանագիրն այդ բացը լրացնելու փորձ է: Անկեղծ ասած, իմ հավատը կամ ակնկալիքները այդ հանձնաժողովից այդքան էլ մեծ չեն:
Panorama.am.- ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի՞ց, թե՞ Փաստահավաք խմբից:
- Ընդհանրապես, հանձնաժողովն անկախ իր կազմից, որովհետև դժվար է. այս ժամանակահատվածում հանձնաժողովը և իրավապահ մարմինները չեն ուսումնասիրել կամ իրենց ձեռքի տակ չկա ինչ-որ փաստեր, որ հիմա էլ փաստահավաք հանձնախումբը կարողանալու է հավաքել: Բայց ես սպասում եմ, որ այս Փաստահավաք խումբը, լինելով ավելի հավասարակշռված, հանրության մոտ կարող է վստահությունն ավելացնել ամբողջ հանձնաժողովի նկատմամբ:
Panorama.am.- Այսինքն, դուք կարծում եք, որ Փաստահավաք խմբի կազմը հավասարակշռվա՞ծ է: Նույն Համմարբերգն առաջարկել էր խմբի կազմի 1/3-ը լինեն իշխանությունից, 1/3-ը Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժից, իսկ մյուս 1/3-ը` ԵԽ փորձագետներ:
- Իհարկե, հավասարակշռման տարբեր մոդելներ կարելի է փնտրել: Բայց այս մոդելը, ես կարծում եմ կարող է հավասարակշռված լինել. հիմքում դրված է երկու բան` քաղաքական կոալիցիայի պարագայում այդ իրավունքը վերապահված է իրեն, իսկ ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, ապա հաշվի է առնվել վերջին 2 համապետական ընտրությունների ժամանակ երկու ուժերի` Լևոն Տեր Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության ստացած ձայները: Ես որոշակի վստահություն ունեմ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից թեկնածուի առաջադրմանը, շատ լավ ճանաչում եմ Վահե Ստեփանյանին և իր պրոֆեսիոնալիզմի ու անաչառության մեջ ես չեմ կասկածում: Եթե կողմերին հաջողվի խմբում նշանակել բառիս բուն իմաստով պրոֆեսիոնալ այլ ոչ թե քաղաքական գործիչներ, որը կկարողանա իրավական պրոցեսները տարբերակել քաղաքական պրոցեսներից և արդյունքում կարողանա հավաքել հստակ տեղեկատվություն, ապա կհամարվի, որ խումբն իր առաքելությունը կատարել է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր կլինեն և ինչ դիրքորոշում կունենան:
Panorama.am.- Ըստ Փաստահավաք խումբ ձևավորելու մասին կարգի, խմբի անդամները չպետք է հարեն այս կամ այն քաղաքական ուժին: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ տվյալ ուժի ներկայացուցիչը լինի անաչառ ու օբյեկտիվ:
- Այս դեպքում նկատի է առնվել այն հանգամանքը, որ տվյալ ուժի ներկայացուցիչը հրապարակայնորեն չի քարոզել որևէ քաղաքական ուժի օգտին: Դա կարևոր է, այն առումով, որ հակառակ դեպքում կունենայինք քաղաքական մի մարմին, իսկ քաղաքական հարաբերություններում լարվածությունն այնքան մեծ է, որ փոխըմբռնման մթնոլորտ դժվար կլիներ ձևավորել. յուրաքանչյուրը պնդելու էր իր դիրքորոշումը, իսկ ակնկալիքները շատ ավելի քիչ կլինեին:
Panorama.am.- Հատկապես ընդդիմադիր հատվածը, շահարկելով նախագահի հրամանագիրը, բազմիցս հայտարարել է, թե այն հակասահմանադրական է:
- Եթե կողմերից որևէ մեկը գտնում է, որ նախագահի համապատասխան հրամանագիրը հակասահմանադրական է, ապա թող ձևերն ու եղանակները գտնի և դիմի Սահմանադրական դատարան: Գոյություն ունի ակտերի սահմանադրականության կանխավարկած, իսկ այդ ակտի սահմանադրականությունը որոշելու լիազորությունը վերապահված է Սահմանադրական դատարանին: Ուրիշ ոչ ոք չի կարող հայտարարություններ անել, հանդես գալ ու գնահատել այս կամ այն փաստաթուղթը:
Panorama.am.- Օրերս ՀՀ առաջին նախագահը հայտարարել էր, թե Փաստահավաք խումբը «ստորադասված է լինելու» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Ո՞րն է ձեր իրավական գնահատականը, արդյո՞ք խումբը ստորադասվում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:
- Խումբն, իհարկե, ստորադասված չէ, այն ավելի շատ կոչված է աջակցելու հանձնաժողովին: Ինքն իր գործողություններում չի ենթարկվելու հանձնաժողովին: Իրենք անկախ են, իսկ այն փաստերը, որ իրենք հավաքելու են, հանձնաժողովի համար պետք է հիմք հանդիսանան, իրենց վերջնական եզրակացությունը ներկայացնելու համար: Հանձնաժողովը չի կարող Փաստահավաք խմբին հանձնարարականներ ու կարգադրություններ տալ:
Panorama.am.- Ի՞նչ կասեք կարգի այն դրույթի մասին, որ Փաստահավաք խմբի աշխատանքները չեն լուսաբանվելու և թափանցիկություն չի ապահովվելու:
- Փաստորեն խմբի գործառույթները նմանվելու են նախաքննությանը: Պատկերացրեք` նույն այդ Փաստահավաք խումբը աշխատում է բավականին թափանցիկ և հանկարծ իրենց ձեռքին է ընկնում մի ոստիկանի լուսանկար, որը հրազենով կրակում է կամ մի ցուցարարի ձեռքին կար զենք և դա հաջորդ օրը թերթերի առաջին էջերում տպագրվում է: Խմբի աշխատանքի վերջում եզրակացությունը, բնականաբար, լինելու է թափանցիկ և կարող են լինել նաև հատուկ կարծիքներ: Այս առումով, ես մեծ խնդիր չեմ տեսնում: Դա նաև այն բանի համար է, որ խմբի անդամները զերծ մնան քաղաքական ճնշումներից: Իհարկե, դանակը երկու կողմ ունի, և դա կարող է մեկնաբանվել, որ քաղաքական իշխանությունը կարող է քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին գնելու կամ կաշառելու փորձեր անել, բայց սա այլ հարթության վրա է գտնվում:
Panorama.am.- Պարոն Թովմասյան, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը բազմիցս է դժգոհել իրավապահ մարմինների աշխատանքից և ասել, որ անհնարին է նրանցից որոշակի տվյալներ ստանալ: Որքանո՞վ կհաջողվի Փաստահավաք խմբին տեղեկություններ ստանալ իրավապահ մարմիններից, մասնավորապես ոստիկանությունից:
- Այս իրադարձությունների իրական վիճակի պարզաբանումը առաջին հայացքից թվում է, թե պետք է քաղաքական ընդդիմությանը, բայց, իմ կարծիքով, ինքը նույնչափ կարևոր է քաղաքական իշխանության համար: Քաղաքական իշխանությունը չի կարող 5 տարի կամ ավելի կառավարել էն վիճակով, որ օդից կախված հարցեր մնացին: Այսինքն` պետք է պարզաբանել, վերջակետ դնել ու երաշխավորել, որ նման դեպքեր չկրկնվեն: Եթե մարտյան դեպքերի մանրամասների պարզաբանումը չտրվի, ապա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը ստիպված է լինելու առաջիկա հինգ տարվա ընթացքում համակերպվել այն մտքի հետ, որ կա մի երևույթ, որը, կոպիտ ասած, իրենց կոկորդին է կանգնել: Դա հասարակությանը լարվածության մեջ է պահելու, հիմք է լինելու ընդդիմության համար հանրահավաքներ անել: Այնպես, որ եթե ցանկություն կա այդ մասով ձերբազատվել ու կառավարումն արդյունավետ իրականացնել, ապա կարծում եմ, որ իշխանություններն այդ քայլին պետք է գնան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում