ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ …
ՀՀ ԿԳՆ նախարարությունն այսօր ավագ դպրոցների փորձնական ծրագրի երկամսյա ընթացքի վերաբերյալ բաց քննարկում էր կազմակերպել մայրաքաղաքի թիվ 198 դպրոցում` ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանի, ավագ դպրոցի տնօրենի, ծնողների, աշակերտների մասնակցությամբ:
Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտներից մեկի մայրը` Սուսաննա Ավետիսյանը նշեց, որ իր երեխան 198 դպրոց է տեղափոխվել 197-ից: Սկզբում նա չի ցանկացել, որ երեխան փոխի դպրոցը` մտավախություն ունենալով, որ անցումնային տարիքում երեխայի դպրոց փոխելը ճիշտ չէ: «Այսօր ես շատ շնորհակալ եմ, որ ԿԳՆ նախարարության մասնագետները տեղի չտվեցին մեր բողոքներին: Իմ երեխան այս դպրոցում ընտրել է իր նախընտրելի մասնագիտությունների հոսքային խմբերը և այդ առարկաներն ուսումնասիրում է խորացված ձևով, քան մյուս առարկաները և ունի շատ լավ առաջադիմություն»,- հավելեց նա:
«Տեղի չտվեցին մեր բողոքներին»: Փաստորեն` երեխաներն ու ծնողները իրենց ցանկությամբ չեն հայտնվել փորձնական դպրոցներում:
Ավագ դպրոցի մեկ այլ ծնող` Օֆելյա Թադևոսյանը ասաց, թե ինքը շատ գոհ է ավագ դպրոցի ուսուցիչների դասավանդման եղանակից, քանի որ մի հոսքում սովորում է 14 երեխա, «դրա համար էլ ուսուցիչը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին, ինչը հանրակրթական դպրոցում չկար, քանի որ մի դասարանում սովորում էր 24 և ավելի երեխա»: Նա նաև նաև նշեց, որ ավագ դպրոցի ներդրման սկզբնական շրջանում անհանգստություն կար, քանի որ չգիտերին թե ինչ է սպասվում երեխանների կրթության հետ: «Ես կարծում եմ, որ եթե այսպես լավ դասավանդեն երեխաներին, նրանք առանց կրկնուսույցի մոտ պարապելու կարող են ընդունվել ԲՈՒՀ»,- հավելեց ծնողը:
«Քանի որ մի հոսքում սովորում է 14 երեխա, դրա համար էլ ուսուցիչը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին, ինչը հանրակրթական դպրոցում չկար, քանի որ մի դասարանում սովորում էր 24 և ավելի երեխա»: Ինչ է սպասվում ուրեմն` «հետօպտիմացիա», թե՞ մի քանի հերթով ուսուցում:
Թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ևս հայտնեց, որ ավագ դպրոցի ծրագիրը նախատեսում է հոսքային առարկանների խորացված ուսուցում, ինչպես նաև մյուս հանրակրթական առարկաների` ավելի թեթև ծրագրով ուսումնասիրություն:
Նրա խոսքով, այսօր այնտեղ գործում է չորս հոսքային ուղղություն՝ ֆիզմատ, տնտեսագիտական, բանասիրական և բնագիտական:
Թերևս այստեղ արժե անդրադառնալ խորացված և թեթև ծրագրերի ուսումնասիրությանը (Panorama.am):
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը նշեց, որ իր համար էր շատ զարմանալի էր, որ երկու ամսվա նպատակաուղղված աշխատանքի արդյունքում հնարավոր է գործը պատշաճ մակարդակի կազմակերպել և ծնողներին ապացուցել, որ այս բարեփոխումները իրականացվում են ճիշտ ուղղությամբ:
Այստեղ պետք է դեռ որ ավելացնել. «Ճտերը... ամռանն են հաշվում»:
Բ. Եսայանի խոսքով, հաջորդ տարի հանրապետությունում գործելու է 52 ավագ դպրոց: Նա նաև նշեց, որ գյուղական վայրերում, առանց միջնակարգ դպրոցները փակելու, կստեղծվեն ավագ դպրոցներ, որոնք հնարավորություն կտան գյուղական դպրոցների երեխաներին ընտրել ավելի որակյալ կրթություն ստանալու ճանապարհը:
Թե ինչ ուսուցչական կադրերով դա կապահովվի` առայժմ չխոսվեց: Պարզունակ հաշվարկները ցույց են տալիս, որ շուտով և դպրոցների շենքերի կարիք կլինի, և ուսուցչական կադրերի: Նախ` քանակի: