«ԳՐԱՆԴ ԷՏԻԿԵՏ»-ՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մոսկվայում անցկացվող լավագույն պիտակի «Գրանդ էտիկետ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ընկերությունները վերադարձել են երեք արծաթե մեդալով ու երկու դիպլոմով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարափաթեթավորման և պոլիգրաֆիական արտադրանք արտադրողների և սպառողների՝ «Արմենպակ» միության նախագահ Սուրեն Չիբուխչյանը: Նրա խոսքով, սա չորրորդ մրցույթն է ու այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Միության նախագահի խոսքով, մրցույթին ներկայացվել էին հայրենական տարբեր արտադրատեսակների պիտակներ:
«Մրցույթում ներկայացվում են ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների, սննդամթերքի, արդյունաբերական ապրանքների համար նախատեսված պիտակների ու պաշտպանիչ և գովազդային պիտակների համար նոմինացիաները: Այս տարի ներկայացվել է 114 աշխատանք՝ Ուկրաինայի, Բելոռուսի, Հայաստանի, Բուլղարիայի ու Ռուսաստանի տարբեր ընկերություններից: Հայաստանից մենք ներկայացրել էինք «Մուսալեռ» տպագրատուն ՍՊԸ-ի ու «Սամարկ» ՍՊԸ-ի՝ տարբեր ընկերությունների համար նախատեսված պիտակները»,-ասաց Ս. Չիբուխչյանը: Նրա խոսքով, միությունը ներկայացրած պիտակներն ընտրվել է ազգային թեմատիկայից ելնելով: Օրինակ, միության նախագահի խոսքով, պիտակներից մեկում ներկայացված է հայկական ծիրան, որը արտերկրում հայտնի է որպես Հայաստանի խորհրդանիշ;
Մրցույթի հաղթող մասնակիցների աշխատանքները ներկայացվել են նաև Մոսկվայում անցկացվող «Էտիկետ-2008» մրցույթին և Մոսկվայի «Փաթեթավորման թանգարան», որտեղ ցուցադրվելու են մինչև այս տարվա վերջ: