ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ 4-0 ՀԱՇՎՈՎ ՋԱԽՋԱԽԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Շախմատի Հայաստանի հավաքականի մարզիկները Համաշխարհային 38-րդ օլիմպիադայում իրենց ելույթները լավ են սկսել: Հայաստանի թե’ տղամարդկանց, թե’ կանանց հավաքականը իրենց առաջին հանդիպումն անցկացրել են իտալացիների հետ և հաղթել համապատասխանաբար 4-0 և 3,5-0,5 հաշիվներով: Ըստ այդմ, և’ Լևոն Արոնյանը, և’ Գաբրիել Սարգսյանը և’ Տիգրան Պետրոսյանը և’ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ են տոնել: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես է գալիս նաև Արտաշես Մինասյանը: Հայաստանի կանանց հավաքականում հանդես են գալիս մասնավորապես Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը և Սիրանուշ Անդիրասյանը:
Հայաստանն այս մրցաշարի մասնակիցների շարքում իր վարկանիշով 9-րդն է, իսկ Իտալիան` 44-րդը:
Նշենք, որ ևս 9 երկրների հավաքականների կազմում նույնպես հանդես են գալիս ազգությամբ հայ շախմատիստներ: Այսպես. Կանադայի հավաքականի կազմում խաղում են Նատալիա Խուդգարյանն ու Դինա Ղահրամանովան, Անգլիայի հավաքականի կազմում` Մերի Գրիգորյանը, Ֆինլանդիայի հավաքականի կազմում` Միքայել Ակոպովը, Վրաստանի հավաքականի կազմում` Դավիթ Հարությունյանը, Իրանի հավաքականի կազմում` Արուսա Փուրքաշյանը, Լիբանանի հավաքականի կազմում` Սյուզան Մուրադյանը, Մոլդովայի հավաքականի կազմում` Նաիրա Աղաբաբյանը, ԱՄՆ հավաքականի կազմում` Վարուժան Հակոբյանը, Կատերինա Ռոգոնյանն ու Տաթև Աբրահամյանը և Ուզբեկստանի հավաքականի կազմում` Իրինա Գևորգյանը: Օլիմպիադայում հաջորդ տուրը տեղի կունենա այսօր:
Այլ երկրների հավաքականներում հանդես եկող հայերից հաղթանակ է տոնել ամերիկացի Վարուժան Հակոբյանը, իսվ Վրաստանի դրոշի տակ հանդես եկող Դավիթ Հարությունյանը պարտվել է ֆին շախմատիստին:
Մեր հարևան երկրներից Ադրբեջանի հավաքականը նույնպես հաջող է սկսել իր ելույթները` 4-0 հաշվով պարտության մատնելով Կամեդոնիայի հավաքականին: Իսկ ահա Վրաստանը անակնկալ կերպով 1,5-2,5 հաշվով պարտվել է Ֆինլադիայի հավաքականին: Մյուս մրցամարտերում հաղթանակներ են տոնել Ռուսաստանը, Գերմանիան, Ուկրաինան, Չինաստանը, Հնդկաստանը, Անգլիան, ԱՄՆ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան