ՁԻԱՀ-Ի ԵՎ ՄԻԱՎ-Ի ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ…
2008 թ.-ին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ի 68 և ՄԻԱՎ-ի (Մարդու Իմունային Անբավարարվածության վարակ) 111 դեպք:
Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների` 1988-ից մինչև օրս հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահացությունների 150 դեպք, որոնցից 128-ը արական, 22-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 3-ը` երեխաներ:
ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը 1988-ից մինչ օրս կազմել է 649 (արական-484, իգական 165): ՄԻԱՎ վարակով հիվանդներից 278-ի մոտ (կին` 55, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում` 59-ը` 2007թ., 68-ը` 2008թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում` 297 դեպք, որը գրանցված դեպքերի 45,8%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 10%:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքեր առաջին անգամ արձանագրվել են 1988 թվականին:
Վարակման ուղին եղել է հետերոսեքսուալ ճանապարհը: Հաջորդ տարի իսկ գրանցվել է ՁԻԱՀ-ից մահացության առաջին դեպքը:
2001-ին գրանցվել են ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին դեպքերը երեխաների շրջանում, իսկ 2007-ին թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը կազմել է մոտ 6,8%:
ՄԻԱՎ-ով վարակվածների զգալի մասը (70,4%) 20-39 տարեկան տարիքային խմբում է:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 484 մարդ (74,6%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 165 դեպք (25,4%): ՄԻԱՎ վարակի 13 դեպք (2%) արձանագրվել է երեխաների մոտ:
ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49%) և վարակումը թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով (44,4%):
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների համաձայն` թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում` նրանց մի մասը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում և Ուկրաինայում:
Բացի այդ, ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց մեծամասնությունը (60,1%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ կանայք, հիմնականում, վարակվել են սեռական ճանապարհով (98,7%):
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով, հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ վարակակիր, իսկ ողջ աշխարհում` 33,2 միլիոն: 2,5 միլիոն մարդ վարակվել է 2007թ.-ի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում