ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 111-ԱՄՅԱԿՆ Է
Այսօր մայրաքաղաքում նշվեց Խորհրդային միության կրկնակի հերոս, Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 111-ամյակը: Հանրապետության վետերանները, զինվորականները, մի շարք հասարակական կազմակերպության անդամները, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ծաղկեպսակներ դրեցին Հ.Բաղրամյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:
ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Հ. Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, «Հովհաննես Բաղրամյանի անվան հայրենասիրական հասարակական կազմակերպության» նախագահ, գնդապետ Արթուր Բաղրամյանն իր խոսքում նշեց, որ Մարշալ Բաղրամյանի անունն անբաժանելի է մեր հայրենիքի անցյալից ու ներկայից, նա հուսալի բարոյական կողմանցույց է ներկա ու գալիք սերունդների համար: «Չափազանցություն չի լինի ասել, որ Բաղրամյանը իր ապրած տարիների մեծ մասը նվիրել է հայրենիքին և նրա զինված ուժերին անմնացորդ ծառայելու գործին: Նա պարգևատրվել է 50 բարձրագույն շքանշաններով և մեդալներով»,- հավելեց զորամասի հրամանատարը:
Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հրանտ Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ակնառու ընդունակություններով և ռազմական օպերացիաներ վարելու կարողություններով է աչքի ընկել հայ ժողովրդի զավակ Մարշալ Հ. Բաղրամյանը: Նրա խոսքով, հայ ժողովուրդը պարտավոր է վառ պահել նրա հիշատակը և հպարտանալ համաշխարհային պատմության մեջ նրա ունեցած հաջողություններով: