«ՍՏԱԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԷՐ
Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ` Դյուսելդորֆում անցկացվել է «Եթերային զարդատուփ» երրորդ միջազգային հեռուստառադիոփառատոնը: Փառատոնում մրցանակի է արժանացել «Շանթ» հեռուստաընկերության նկարահանած «Ստալինի հայկական արշավը» վավերագրական երկմասանոց կինոնկարը: Ֆիլմի հեղինակը քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանն է:
«Ես ցանկանում եմ նկարել այնպիսի ֆիլմեր, որոնք հետաքրքիր են հայ հեռուստադիտողին: Պարզապես ստացվում է, որ ֆիլմերը հետաքրքիր են լինում նաև օտարերկրացիներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Երկանյանը:
Արտյոմ Երկանյանն ասաց, որ, ցավոք, մոսկովյան նկարահանումների ընթացքում քիչ տեղեկություններ է գտել, քանի որ մինչ օրս արխիվները փակ են:
«Հայաստանի Կոմկուսի, Կենտկոմի, Ազգային անվտանգության արխիվներն անգամ գտնվում են Մոսկվայում և դրանք նույնիսկ 50 տարի անց չեն բացվելու»,-ասաց Երկանյանը և ավելացրեց, որ ֆիլմը փորձ է վերլուծելու 44-46 թթ. իրադարձությունները, երբ հնարավորություն է եղել վերադարձնել Արևմտյան Հայաստանի հողերը, այսինքն` երբ Ստալինը ցանկանում էր Թուրքիայի դեմ պատերազմ սկսել, սակայն նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվում, քանի որ սկսվում է սառը պատերազմը:
Նշենք, որ մրցույթում անվանակարգեր չեն եղել: Սահմանված հինգ մրցանակներից մեկը ստացել է Արտյոմ Երկանյանը: Ռադիո ասպարեզում ներկայացված հաղորդումների համար մրցանակի է արժանացել «Ռադիո Վանը»:
Ավելացնենք, որ հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անցյալ տարվա «Ռուսաստան. Հայացք դրսից» հեռուստատեսային մրցույթում կրկին առաջին մրցանակի էր արժանացել Արտյոմ Երկանյանի «Պոնաեխալի» վավերագրական ֆիլմը:
«Նկարահանու՞մ եք արդյոք նոր ֆիլմեր» հարցին Արտյոմ Երկանյանը պատասխանեց, որ ընթացքի մեջ են մի քանի ֆիլմեր, սակայն մանրամասնել չի ցանկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները