ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆՈՒ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախագահ Սերժ Սարգսյանն ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան մասին: Պարիս Հերունին այն երախտավորներից էր, ում տաղանդի ու աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքը: Նրա պրպտումների ու ուսումնասիրությունների արդյունքները վերաճեցին գիտության առանձին ենթաճյուղերի:
Ականավոր գիտնականը նաև կազմակերպական մեծ կարողություններով օժտված գործիչ էր: Նրա նպատակը գիտելիքի նոր բարձունքների նվաճումն էր, իսկ հավատամքը` անմնացորդ ծառայելը գիտությանը, հայրենիքին ու մեր ժողովրդին: Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Պարիս Հերունու հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:
Նշենք, որ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված է կառավարական հանձնաժողով` Պարիս Հերունու մահվան կապակցությամբ: Հանձնաշողովը կգլխավորի Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Պարիս Հերունու քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժ. 18։00-ից, Երևան, Տերյան 19, բն.13 հասցեում։
Դեկտեմբերի 9-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, ժ.12։00-14։00-ը տեղի կունենա վերջին հրաժեշտը ականավոր գիտնականին, այնուհետև հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի