ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ. «ՆԵՐԿԱՅԻՍ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ԼՂՀ ԵՎ ՆՐԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս հիշատակված ԼՂ հիմնախնդրի ընդունման վերաբերյալ ընդունված «տեխնիկական փաստաթուղթ»ը ղարաբաղյան իշխանությունները դեռ չեն ստացել: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից: Տեղեկատվության համաձայն ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել էր, թե Հելսինկիում նախարարների հանդիպման ժամանակ նշված փաստաթուղթը տրվել է հակամարտող կողմերին:
«Որպես հակամարտող կողմ, որն այդպիսինն է ճանաչվել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի համաձայն, մենք ակնկալում ենք մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահներից ստանալ այդ փաստաթուղթը»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը: Հարցին, թե հելսինկյան հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը տարածել է մի փաստաթուղթ, որում ներկայացված է եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ իրենց տեսակետը, ինչպիսի՞ն է Ստեփանակերտի դիրքորոշումը այդ սկզբունքների վերաբերյալ, Գեորգի Պետրոսյանը պատասխանել է, որ դա ցույց է տալիս «ադրբեջանական ժողովրդավարության ողջ կեղծավորությունը և ի չիք են դարձնում հիմնախնդրի կարգավորման ուղիների փնտրտուքների` միջազգային հանրության բոլոր փորձերը»:
Մյուս հարցին, թե փոխվել է արդյոք պաշտոնական Բաքվի դիրքորոշումը 1988-ից ի վեր, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ԼՂՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Հիմնախնդրի զարգացման բոլոր փուլերում ադրբեջանական կողմը հանդես էր գալիս եւ շարունակում է հանդես գալ որպես ուժային լուծման հիմնական կրող: Հաշվարկը ուժի վրա հանգեցրեց էթնիկ ջարդերի ու Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և նախկին ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերից հայերի արտաքսման, ինչին հետևեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հայկական գյուղերի բռնատեղահաննման ուղղված «Կոլցո» ռազմագործողությունը: Հակամարտության ռազմական փուլի ընթացքում, Բաքուն բազմիցս խուսափել է սահմանափակել և դադարեցնել ռազմական գործողությունները, ձախողել է կրակի դադարեցման պայմանավորվածությունները, եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերի առաջին ու բազմակի խախտողը, լիովին ու ժամանակին չի կատարել դրանց և ոչ մի պահանջն ու կոչը: Զինադադարի կնքումից հետո, ադրբեջանական ղեկավարությունը ակտիվորեն մեծ քանակությամբ հարձակողական սպառազինություն է գնում` դրանով իսկ ուժեղացնելով սպառազինությունների մրցավազքը, և շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ռազմագործողությունների վերսկսմամբ: Միջազգային ներդրումային ծրագրերի իրականացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախապայման հանդիսացող տարածաշրջանային խաղաղությունը վտանգի տակ դնելը, պաշտոնական Բաքվի քաղաքականությունը լուրջ սպառնալիք են դաձնում ոչ միայն ԼՂՀ, այլեւ ամբողջ տարածաշրջանային կայունության ու անվտանգության համար»:
Նախարարի խոսքով, ներկայիս ստատուս քվոն ԼՂՀ և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և հետագա ռազմական գործողությունների արդյունքն է: «Որպես պատերազմի նախաձեռնող`Ադրբեջանը կրում է դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Ստեղծված ստատուս-քվոն այն մինիմումն է, որը թույլ է տվել ապահովել ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգությունն ու անկախությունը ադրբեջանական ագրեսիայի պայմաններում: ԼՂՀ իշխանությունների քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման գործընթացի անշրջելիության ապահովմանն ու խաղաղության պահպանմանը: Այդ ստատուս-քվոյի փոփոխությունը, մեր կարծիքով, անխուսափելիորեն կբերի իրավիճակի ապակայունացման, լարվածության ուժեղացման`ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմամբ», - հավելել է Գերոգի Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան