Հասարակություն 14:00 17/12/2008

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ: ԻՆՉՈ՞Ւ ԴՐԱՆՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԺՎՈՒՄ

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ատում է մարդու դեմ ուղղված ցանկացած բռնություն, առավել ևս երբ այն կատարվել է լրագրողի հանդեպ: Նրա համոզմամբ, Հայաստանի անկախության առաջին շրջանը հայ հանրությանը նման դեպքերը խորթ էին, և լրագրողների դեմ բռնություններ գրեթե չէին իրագործվում: Սակայն իրավիճակը փոխվեց 90-ականների կեսերից, երբ լրատվամիջոցները սկսեցին շատանալ: Փորձագետը զանգվածային լրատվամիջոցների հետ իր աշխատանքի ընթացքում բռնությունների երկու տեսակ է առանձնացրել` թաքնված և ակնհայտ: «Ով ուզում է լինի բռնություն իրականացնողը և ինչպիսին ուզում է լինի այն, դրա պատասխանատուն օրվա իշխանություններն են, և նաև այն որ չի բացահայտվում հանցագործությունը, դրա համար էլ են իրենք պատասխանատու»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:

Լրագրողի դեմ իրականացված թե ֆիզիկական և թե հոգեբանական բռնությունը դատապարտում է նաև լրագրող Արմեն Հակոբյանը և պնդում. «Խնդիրն այդքան չէր խորանա, եթե անկախության առաջին տարիների ժամանակահատվածից սկսած բռնություն գործադրածները, մեղավորները պատժվեին: Սակայն այդ ժամանակահատվածից մինչ օրս իրականացված ոչ մի բռնություն ըստ էության չի բացահայտվել: Ցավոք, չեմ կարողանում մտաբերել այդպիսի մի դեպք, բացառությամբ Տիգրան Նաղդալյանի սպանությունը, երբ լրագրողի նկատմամբ իրականացված բռնության կազմակերպիչները կանգնեին դատարանի առջև` արժանանալով քրեաիրավական գնահատականի և հանրային պարսավանքի: Ակնհայտ է, որ չպատժված հանցանքը բերում է ավելի մեծ հանցանքի և ավելացնում է նմանօրինակ ոտնձգություններ կատարելու մարմաջը»: Ե՛վ Մեսրոպ Հարությունյանը, և՛ Արմեն Հակոբյանը վստահ չեն, որ բոլորովին վերջերս «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դեմ բռնություն կատարածները կբացահայտվեն: Թեպետ, նկատենք, որ նախաքննություն իրականացնող մարմին է ներկայացել Կարեն անունով մի տղա և հանցանքը վերցրել իր վրա: «Հնարավոր է` ինչ-որ մեկին ասել են ախպերականով քեզ վրա վերցրու», - կարծիք է հայտնում Մեսրոպ Հարությունյանը: «Լրագրողի վրա հարձակում, նշանակում է հարձակում հասարակության վրա: Սակայն որպես այդպիսին չի ստանում համարժեք հակահարված»,- եզրակացնում է Արմեն Հակոբյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու թողարկող Հայկ Գևորգյանը այն լրագրողներից է, որը բռնության է ենթարկվել անմիջապես իշխանության ներկայացուցչի կողմից. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հովհաննես Վարյանը 2004-ի ապրիլի 12-ին դուբինկաներով դաժան ծեծի էր ենթարկել լրագրողին և ջարդուփշուր արել նրա ֆոտոապարատը: «Լրագրողների հանդեպ բռնություններ են կատարվում այս երկրում, որովհետև իշխանությունը օրինական չէ: Օրենքի շրջանակներում չի կարողանում լրագրողների դեմն առնել, այդ իսկ պատճառով էլ դիմում են բռնության: Երբ լրագրողը հրապարակում է նրանց անօրինական գործունեության հետ կապված նյութեր, նրանք փորձում են բռնություն գործադրելով «հարց լուծել»: Քաղաքակիրթ երկրներում իշխանություններն անխոցելի են լինում»,- պնդում է Հայկը Գևորգյանը: Ըստ նրա, լրագրողի դեմ կիրառված բռնության հեղինակները չեն բացահայտվում, որովհետև «նա, ով պիտի բացահայտվի, իշխանության մաս է կազմում: Մի՞թե ոստիկանությունը պիտի բացահայտեր իր իսկ ներկայացուցչի կողմից կատարած հանցագործությունը»: Հայկը համոզված է, որ ելքը քաղաքական է: «Իշխանությունը պիտի ձևավորի ժողովուրդը, որպեսզի լինի օրինական իշխանություն»,- ասում է նա:

Նույն կարծիքի է նաև «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: «Բռնություն կիրառվում է իշխանության տարբեր օղակների կողմից` դա կլինի թաղապետարան, թե այլ պատկան մարմին: Եվ բռնություն կիրառվում է այն բանի համար, որ լրագրողները գրում են իշխանության այս կամ այն ապօրինի գործունեության մասին: Դա է հիմնական պատճառը, որ բռնություն կատարողների հեղինակները չեն բացահայտվում»,- նկատում է Արամ Աբրահամյանը: Նրա խոսքով, իհարկե, եղել են դեպքեր, երբ իշխանությունը կանգնած չի եղել հանցանքի հետևում: Այդպիսիներից նա առանձնացնում է 1994-ի հոկտեմբերի 19-ին իր բնակարանի շքամուտքի մոտ իր վրա կատարված հարձակումը: Արամ Աբրահամյանը հեռուստաընկերության ուղիղ եթերից երեկոյան տուն վերադառնալիս է եղել, երբ բնակարանի շքամուտքի մոտ երեք անձինք հարձակվել են և ծեծել լրագրողին: «Բայց այդ ժամանակ իշխանությունները չեն եղել դրա հետևում կանգնած,-պնդում է Աբրահամյանը և հավելում,- Ինչպես ինձ ասել են նախկին դաշնակցականները, հարձակվողները եղել են «Դրո» կառույցի անդամներ»: 1994-ին ժամանակի ընդդիմադիր «Երկիր» թերթում աշխատելիս ներկայիս «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիր Գագիկ Մկրտչյանի տան հեռախոսափողի մեջ լսող սարք է հայտնաբերվում: Նրա խոսքով, որպես ժամանակի ընդդիմադիր լրագրող, ինքն այդ տարիներին իր հեղինակած «Մաֆիան առանց դիմակի» հոդվածաշարում անդրադարձել է ժամանակի «ալան-թալանին, փողերի լվացմանը, մազութի ու բենզինի ապօրինի վաճառքին, թալանված գործարաններինն և այլ ապօրինություններին»: 1995-ին, ինչպես հիշում է Մկրտչյանը, «Գոլոս Արմենիի» թերթում աշխատելու տարիներին իր տան մոտ հարձակվել են իր վրա և ծեծել: Մկրտչյանի հանդեպ կատարված մյուս բռնությունը տեղի է ունեցել 1996-ին, նախագահական ընտրությունների շրջանում: «Այն ժամանակ աշխատում էի «Գոլոս Արմենիի» ընդդիմադիր թերթում և միաժամանակ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի համակարգողն էի: Դրանից հետո 15 օր պահվեցի Ազգային անվտանգության նկուղում»,- հիշում է Գագիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով, այժմ էլ ոչինչ չի փոխվել. լրագրողների դեմ բռնություն եղել է և նախկինում, և այժմ: «Հիմա ուղղակի դեպքերը շատացել են, քանի որ և ընդիմադիր լրատվամիջոցներն են շատացել, և դրանցում աշխատող լրագրողները: Այն ժամանակ ես էլ մշտապես զգացել եմ նաև հոգեբանական ճնշում ինձ վրա: Դա կարող էր լինել առանձին անհատների, կամ իշխանությունների կողմից: Այնպես որ առանձնապես ոչինչ չի փոխվել»,- հավելում է «Հայոց Աշխարհի» խմբագիրը: Ինչ վերաբերում է լրագրողների դեմ իրականացված բռնությունները իրավապահ մարմինների կողմից չբացահայտելուն, ապա Մկրտչյանը կարծում է, որ այդ հարցում ևս ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ոչինչ չի փոխվել: «Նրանք կամ չեն ցանկանում բացահայտել, կամ պրոֆեսիոնալ չեն և վատ են աշխատում: Բայց ամենայն հավանականությամբ, նրանք ցանկություն չունեն բացահայտելու»,- պնդում է Գագիկ Մկրտչյանը:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում տարբեր տարիներին լրագրողների հանդեպ բռնություն կիրառելու աղմկահարույց դեպքերից.

1994-ի դեկտեմբերի 28-ին Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Դաշնակցություն կուսակցության պաշտոնաթերթ «Երկիրի» խմբագրություն, և ինչպես ականատեսներն են պատմում, ջարդուփշուր են արել խմբագրության համակարգիչները և կալանքի վերցրել գույքը: Դա կատարվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով, որի համաձայն պետք է կասեցվեր Դաշնակցություն կուսակցության գործունեությունը: Այդ հրամանագրի իրագործման շրջանակներում փակվեցին նշված կուսակցությանն այս կամ այն կերպ առնչություն ունեցող թերթերը` «Առագաստը», «Անդրադարձը», «Ազատամարտը» և «Հայլուր» լրատվական գործակալությունը:


1997-ի մարտի 7-ին անհայտ անձինք ներխուժել են «Երևանյան օրեր» թերթի խմբագրություն և գլխավոր խմբագիր Միքայել Հայրապետյանից պահանջել դադարեցնել թերթի հաջորդ համարի պատրաստությունները: Մերժում ստանալով, անհայտ անձինք սկսել են դաժանորեն ծեծել Հայրապետյանին: Վերջինս հայտարարել է, թե տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունի: Կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել, բայց մինչ օրս հանցագործները չեն հայտնաբերվել:

2002-ի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Ա1+ հեռուստաընկերությունը եթերազրկվեց: Դրանից հետո մինչ այժմ հեռուստահաճախությունների համար անցկացվող մրցույթներում Ա1+-ը հաճախականություն, հետևաբար նաև` եթեր չի ստացել:
2002-ի հոկտեմբերի 22-ին Երևանի կենտրոնում ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, հրապարակախոս Մարկ Գրիգորյանի դեմ մահափորձ է կատարվել, երբ ձեռքի նռնակը նետել են իր ուղղությամբ: Դեպքից հետո Լրագրողը դժվարացել է դրա համար որոշակի պատճառներ ասել և նկատել է, թե ինքը պատրաստվում էր Լոնդոնի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի բյուլետենում 1999-ի հոկտեմբերի 27-ի դատավարության մասին մի հոդված հրապարակել: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ սպանություն ծանրագույն հանգամանքներում» հոդվածով: Սակայն մինչ օրս մահափորձի հեղինակները չեն բացահայտվել:

2002 թվականը Հայաստանում ավարտվեց լրագրող, Հանրային հեռուստաընկերության մեկնաբան 36-ամյա Տիգրան Նաղդալյանի սպանությամբ: Մարդասպանը "ТТ" մակնիշի ատրճանակից մեկ կրակոցով խփելով Նաղդալյանի գլխին սպանել էր նրան շքամուտքի մոտ, երբ Նաղդալյանը հայրական տան շքամուտքից դուրս գալիս է եղել: Գլխավոր դատախազության քննչական վարչությունը ՔՕ 61 և 232-րդ հոդված 1-ին մասով` «տեռորիստական գործողություն և զենք-զինամթերքի անօրինական պահպանում, կրում և գործադրում», քրեական գործ էր հարուցել: Դատախազությունը նաև 250 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն հայտարարեց նրան, ով կօգնի բացահայտել մարդասպանին: Այս գործով հայտնաբերվել է սպանության պատվիրատուն` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, որը 5 տարի իր պատիժը կրելուց հետո ՀՀ նախագահի հրամանով 2008-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

2003-ի ապրիլի 29-ին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում դաժանորեն ծեծի է ենթարկվել թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը: Խմբագրություն այցելած անձինք մետաղյա աթոռով խփել են լրագրողի գլխին: Վերջինս հոսպիտալացվել է` ուղեղի ցնցում ախտորոշմամբ: Լրագրողին ծեծողները գործել են բացահայտ նրանք են` Գեղամ Պետրոսյան և Սևակ Սևոյան: ՔՕ 109 հոդվածով` դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելը, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել, սակայն որոշ ժամանակ անց գործը փակվել է:

2003-ի սեպտեմբերի 27-ին Երևանում հարձակման են ենթարկվել «Օր» թերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանը և թերթի տնօրեն Ռաֆայել Հովակիմյանը: «Նիվա» մակնիշի մեքենան կանգնեցրել է Հովակիմյանի մեքենան և «Նիվայից» նրանց է մոտեցել դիմակավորված 4 մարդ: Ասելով, որ ինքը իրավապահ մարմինների ներկայացուցիչ է, Ռ. Հովակիմյանին ստիպել է դուրս գալ մեքենայից: Պահանջը չկատարելու համար նրանք ուժով դուրս են քաշել Հովակիմյանին մեքենայից և խփել գլխին: Գայանե Մուքոյանը փորձել է այդ պահին բջջայինով զանգահարել ոստիկանություն, սակայն հեռախոսը վերցրել են և դրանոց հարվածել կնոջ դեմքին: Վերջինս հոսպիտալացվել է քթի վնասվածք և ուղեղի թեթև ցնցում ախտորոշմամբ, այնուհետև նրան վիրահատել են: ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ «խուլիգանական հարձակում մարմնական վնասվածքներով», որը դեռևս չի բացահայտվել:

«Ֆրիդոմ Հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տարբեր երկրներում 2002 թվականի համար խոսքի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույց է հրապարակել: 193 երկրների ցանկում Հայաստանն այդ տարի ստացել է 65 բալ և այդպիսով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ դասվել է այն երկրների շարքին, որտեղ լրատվամիջոցները ճանաչվել են անազատ: 2001-ին և 2000-ին նույն կազմակերպության կողմից հայաստանյան լրատվամիջոցները ճանաչվել էին մասամբ ազատ: Համեմատության համար նշենք, որ նույն միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2007-ի զեկույցում Հայաստանի ԶԼՄ-ները հերթական անգամ դասվել են «ոչ ազատների» թվին: Իսկ երկրում նախորդ տարվա համեմատ ԶԼՄ-ների ազատության մակարդակի երկու կետով անկումը «Ֆրիդոմ Հաուսը» բացատրել է առաջին հերթին «խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ուժեղացմամբ»:

2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Ազգային ժողովի շենքի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքը ցրելու ժամանակ ծեծվել են «Հայկական ժամանակ»-ի լրագրողներ Հայկ Գևորգյանը և Ավետիս Բաբաջանյանը, Ռուսաստանի առաջին ալիքի օպերատոր Լևոն Գրիգորյանը և «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը: Այնուհետև Հայկ Գևորգյանը հայտարարել էր, թե իրեն ծեծել է անմիջապես ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանը:


2004-ի օգոսոտոսի 24-ին Ծաղկաձորում լրագրողների դեմ հարձակման հերթական դեպքն է գրանցվում. «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի և «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի վրա հարձակվում են 4 անհայտ անձինք խանգարում են իրենց մասնագիտական պարտքը կատարել: Նրանք փորձել են նկարել և տեղեկանալ, թե ինչու են տարածքի կանաչ ծառերը հատվում և փորձել են նկարել տեղի էլիտար ամառանոցներից մեկը: Երբ Մխիթար Խաչատրյանը վերադառնում է Ծաղկաձորի իրենց հանգստավայրը, նրան այնտեղ է մոտենում 4 հոգուց բաղկացած մի խումբ և նրանցից մեկը Մխիթարից պահանջում է ապարատի հիշողության քարտը, վերջինս հրաժարվում է տալ, և քաշքշուք է առաջանում, ինչի արդյունքում «ասփագլուխ» հարձակվողին հաջողվել է վերցնել ֆոտոապարատի հիշողության քարտը: Ծեծկռտուք-քաշքշուքի հետևանքով Մխիթար Խաչատրյանն ստացել է վնասվածքներ վզի , կոկորդի և թիկունքի շրջանում: Այնուհետև ՔՕ 164-րդ հոդվածի 1-ին մասով` «լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը» և 258 հոդված 1-ին մասով` «Խուլիգանություն» Գլխավոր դատախազության Պետական պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ հարձակում գործածը նախկինում դատապարտված Երևանի քաղաքացի Գագիկ Ստեփանյանն է եղել: Հրազդան քաղաքի առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 11-ի որոշմամբ, լրագրողի վրա հարձակում գործած Գ. Ստեփանյանը ազատազրկման դատապարտվեց 6 ամիս ժամկետով, սակայն վերջինիս հոկտեմբերի 26-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

2006-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Երևանում երկու անհայտ անձինք թիկունքից հարձակում են գործել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա, երբ վերջինս տանից դուրս գալիս է եղել: Խմբագրին գցել են գետնին և ոտքով հարվածել գլխին: Դեպքի առնչությամբ ՔՕ 118-րդ հոդվածով` «Ծեծը», հարուցվել է քրեական գործ: Դեպքի հաջորդ օրը «Իրավունք-Հետաքննություն» հավելվածում կազմվել էր հարձակում իրականացնողի ֆոտոռոբոտը: Ավելին, լրագրողը հարձակում կատարողներից մեկին տեսել է անձամբ, երբ սեպտեմբերի 9-ին սրճարաններից մեկում նստած է եղել: Քրեական գործով Հ. Գալաջյանը 12.09.06 թ. ցուցմունք է տվել այն մասին, որ 09.09.06 թ. Կոնսերվատորիայի դիմացի այգում գարեջուր խմելիս տեսել է իրեն ծեծողներից մեկին: Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված երիտասարդին հայտնաբերելու համար հանձնարարականներ են ուղարկվել ոստիկանության Կենտրոնականի և այլ բաժիններ, սակայն դրական արդյունք չի եղել, այդ անձը չի հայտնաբերվել: Քրեական գործի վարույթը ՀՀ քր. դատ. օր.-ի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցվել է:

2008-ի մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

2008-ի օգոստոսի 11-ին Ավան-Առինջ 1-ին մ/շ 1/1 շենքի մոտակայքում հետևից մոտենալով երկու անհայտ անձինք հարձակում են կատարել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի վրա` ձեռքերով և ոտքերով հարվածելով նրա գլխին և դիմել փախուստի: Փաստի առթիվ 11.08.08 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի վարույթը ՀՀ քր. դատ. օր.-ի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցվել է:

2008-ի օգոստոսի 18-ի ուշ երեկոյան հարձակման և ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, երևանյան գրասենյակի համակարգող Հրաչ Մելքումյանը: Լրագրողի նկատմամբ հաշվեհարդարը տեղի է ունեցել ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող սպառնալիքների ներքո:

2008-ի նոյեմբերի 17-ին, ժամը 20.55-ին հարձակում է կատարվել «Հետաքննող լրագրողներ» հկ նախագահ, «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա: Լրատվամիջոցի ղեկավարը աշխատանքային օրվա ավարտից հետո Բուզանդի 1/3 հասցեի իրենց գրասենյակից դուրս է եկել, մոտեցել մեքենային և այդ ժամանակ նրա վրա հարձակվել են երեք անձինք:

Հարձակում գործածները ծեծել են Բաղդասարյանին այնքան, որ վերջինս ուղեղի ցնցում է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 113 հ. 2-րդ մասի 3-րդ կետով` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը: Այս գործով Կարեն անունով մի տղա է կալանավորվել:

Լրագրողների վրա անմիջական ֆիզիկական ճնշումներից ու բռնություններից բացի, մեր իրականության մեջ եղել են դեպքեր, երբ «ահաբեկիչները», թերևս, վախեցնելու նպատակով վնաս են հասցրել լրատվամիջոցի ղեկավարի կամ լրատվամիջոցին պատկանող գույքը:

2005-ի նոյեմբերի 22-ին խմբագրության դիմաց հրկիզվել է «Հայկական Ժամանակ»-ին պատկանող «ВАЗ-2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենան:

2006-ի Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը Գորիսում (Սյունիքի մարզ) հրդեհվել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին պատկանող և նրա տան բակում կայանված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:

2006-ի փետրվարի 7-ին անհայտ անձինք այրել են «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի` խմբագրության առջև կայանած մեքենան:

2007-ի փետրվարի 8-ին անհայտ անձինք ժամը 20:15-ի սահմաններում հրկիզել են «Իմ իրավունքը» թերթի և Panorama.am-ի սեփականատեր Արա Սաղաթելյանի «Նիսան էքստերա» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել խմբագրության բակում:

Հատկանշական է, որ այս և մյուս բոլոր դեպքերը, որոնք այս ցուցակում չեն ընդգրկվել, պետության բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտել են և խոստացել անել «հնարավոր ամեն ինչ դրանք բացահայտելու համար»: Սակայն, ինչպես փորձն է ցույց տվել, դրանք լոկ խոսքեր են և պահի դրդմամբ կատարված հայտարարություններ: Բռնություն կիրառողները, միևնույն է չեն պատժվում:

Հ.Գ.- Համոզված ենք, որ սա ամբողջ պատկերը չէ. Եղած դեպքերի հետ կապված` խնդրում ենք ցանկության դեպքում համալրել ցուցակը, իսկ նոր դեպքեր` Աստված չանի, թե` ով չանի... Փորձանքից հեռու ու անվնաս` հարգելի գործընկերներ: Եվ` աշխատանքային հաջողություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}