ԱՅՍՕՐ ՍԿՍՎՈՒՄ Է «7-Ի ԳՈՐԾՈՎ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամը 12:00-ին Երևանի քրեական դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսում է մարտի 1-ի իրադարձությունների առիթով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Այն կընթանա Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:
Հիշեցնենք, որ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը մեղադրվում են քրեական օրենսգրքի 225 հոդվածով (սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում) և 300 հոդվածով (պետական իշխանությունը բռնությամբ զավթելը):
Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ: Վերջիններս հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում և որ իրենք քաղբանտարկյալներ են ու անազատության մեջ են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար:
Առավոտվանից Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի շենքի մոտ են գտնվում մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ ու ոստիկաններ, քաղաքացիներ:
«7-ի գործով» մեղադրական կողմը ներկայացնում են դատախազներ Աշոտ Նադոյանը, Հարություն Հարությունյանը, Արամ Ամիրզադյանը, Լիլիթ Թադևոսյանը, Հովսեփ Սարգսյանը և Կորյուն Փիլոյանը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի. «Էական նշանակություն չունի, որ դատախազները 6-ն են. ակնկալվում է, որ գործը երկարատև քննություն կարող է պահանջել»: