ՃԳՆԱԺԱՄ. «ՆԱԻՐԻՏԸ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը
Միջազգային ֆինանսական ճգնաժամի արդյունքում համաշխարհային շուկայում կրճատվել են քլորոպրենային կաուչուկի իրացման ծավալները, ինչը բացասաբար է ազդել միայն պատվերներով աշխատող «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ արտահանման ծավալների վրա: Ինչպես հայտնում եմ գործարանի մամուլի ծառայությունից, պատվերների կրճատման հետևանքով, ընկերությունը տեխնոլոգիական (տեխնիկական) կանգառ է վերցրել մինչև 2009 թվականի փետրվարի 1-ը: Ընկերության 2744 աշխատակիցների 55,7%-ը (1528 աշխատող) դեկտեմբերի 17-ից անցել է ժամանակավոր հարկադիր պարապուրդի` մինչև 2009 թվականի մարտի 1-ը: Պարապուրդի մեջ գտնվողների աշխատավարձը կհաշվարկվի և կվճարվի` համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների:
«Նաիրիտ»-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ընկերությունն իր արտադրական և սպասարկող ստորաբաժանումների աշխատակիցների 2008 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով պարտք չունի: Նոյեմբեր ամսվա արտադրական աշխատողներին վճարվելիք աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները կազմում են 241,5 մլն դրամ, որից 33,8 մլն դրամը վճարվել է դեկտեմբերի 23-ին, 51,2 մլն դրամը վճարվել է դեկտեմբերի 24-ին, իսկ 156,5 մլն դրամը, այն` արտադրական անձնակազմի աշխատավարձի պարտքը, կվճարվի մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ` այսինքն աշխատավարձի վճարումների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետից 12 օր ուշացումով:
Հիշեցնենք, որ երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին կառավարության շենքի առջև և պահանջում էին վճարել իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձերը: Նրանք հայտնել են, որ իրենք ստացել են աշխատավարձերի 30%-ը, սակայն ցանկանում են այն ստանալ ամբողջությամբ:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90%-ը պատկանում է Rhinoville Property Limited ընկերությանը, իսկ 10%-ը Հայաստանի կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան