ՄԻԵԴ-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ. ԿՐԿԻՆ ԵՐԵՔ ՎՃԻՌ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական անգամ վճիռ է կայացրել: Հունվարի 13-ի ՄԻԵԴ վճռով բավարարվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանի, ինչպես նաև Սարգիս Ամիրյանի և Մաքսիմ Գասպարյանի հայցերը:
Հիշեցնենք` վերջիններս ՄԻԵԴ էին դիմել դեռ 2003-ին, երբ նախագահական ընտրություններից հետո նրանք մասնակցել են չարտոնված հանրահավաքների ու դրա համար Ամիրյանը և Գասպարյանը ենթարկվել էին տասնօրյա վարչական կալանքի, իսկ Սափեյանը` վարչական տուգանքի: Չգոհանալով տեղական դատական ատյաններում ընդունված վճիռներից, նրանք փորձել են իրենց իրավունքը վերականգնել Եվրոպական դատարանում:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը, Եվրոպական դատարանը գտել է, որ այս երեք գործերի դեպքում էլ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որով սահմանվում է հավաքների ազատությունը: Ըստ փոխնախարարի, ԵԴ վճռով երեք հայցերի դեպքում էլ նշանակվել է 3000 ական եվրո տուգանք-փոխհատուցում: Էմիլ Բաբայանը տեղեկացրեց, որ այս վճիռները կայացման պահից երեք ամիս հետո, այս դեպքում ապրիլի 13-ից կմտնեն ուժի մեջ և ենթակա կլինեն կատարման երեք ամսվա ընթացքում:
Այսպիսով, Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ ընդունվել է 14 վճիռ: