1545 ԱՇԱԿԵՐՏ ՈՒՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ
Անցած տարի Կրթության և գիտության նախարարության Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը գնահատել է 1795 աշակերտի կրթական կարիք: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կրթության և գիտության նախարարության նշված կենտրոնի սոցիալական ծառայության ղեկավար Սոնա Հարությունյանը:
Նա նշեց, որ անցած տարի գնահատված աշակերտներից 1545 -ն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, իսկ 235-ը` ոչ: 12 աշակերտի գնահատումն ավարտված չէ, այն կիրականցվի այս տարի:
Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ կենտրոնի տվյալների բազան վերազինման ընթացքում է: «Մենք դիմել ենք հանրապետության բոլոր մարզերի մարզպետարաններին, որպեսզի տեղեկանանք, թե յուրաքանչյուր մարզում կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող քանի երեխա է դպրոցում սովորում: Այս տվյալները մեզ կօգնեն, որպեսզի մենք ճշտենք, թե որ երեխաները պետք է սովորեն հանրակրթական դպրոցում և որոնք` հատուկ դպրոցում»,- նշեց կենտրոնի սոցիալական ծառայության ղեկավար Սոնա Հարությունյանը: