ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է 800-ԱՄՅԱԿԸ
Քեմբրիջի համալսարանը` Օքսֆորդից հետո Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենահին համալսարանը, նախորդ շաբաթ օրվանից սկսել է համալսարանի ութ հարյուր ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի ինտերնետային կայքից:
Տոնակատարության առիթով կազմակերպվել է լուսային շոու` նվիրված Քեմբրիջի պատմությանն ու համալսարանի հայտնի շրջանավարտներին, որոնց շարքում են Իսահակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը և այլոք:
Միևնույն ժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող չորս եկեղեցիների զանգակատներից հնչել է ղողանջ` հատուկ այդ տոնական միջոցառման համար գրված երաժշտությամբ: Մեղեդու հեղինակը Քեմբրիջի շրջանավարտ, կոմպոզիտոր Ֆիլ Իրիսն (Phil Earis) է:
Համալսարանի հոբելյանին նվիրված միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում:
Տեղեկացնենք, որ Քեմբրիջի համալսարանը հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկ. տարբեր վարկանիշներով այն գտնվում է լավագույն հինգ կրթօջախների ցանկում: Քեմբրիջի շրջանավարտներից 83-ը նոբելյան մրցանակակիրներ են: Այս ցուցանիշով աշխարհում այն հավասարը չունի: