ՄԱՍՆԱԳԵՏ. «ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԲՈՒԺԵԼ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՔԱՆ ՔԱՂՑԿԵՂԸ»
Հանրապետությունում այսօրվա տվյալներով գրացված է 28 հազար քաղցկեղով հիվանդ:
Հանրապետության ուսուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանի խոսքով, 2007 թվականին քաղցկեղով հիվանդացել է 7294 հոգի: Նույն տարում մահացել է 5317 քաղցկեղակիր: Արձանագրած տվյալների համաձայն, 2006-ին հիվանդացել է 7163 հոգի, մահացել` 5329-ը:
Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը, Հայաստանում կանանց մոտ ավելի շատ տարածված են կրծքագեղձի քաղցկեղը, ըստ հաճախականության երկրորդ տեղում ստամոքսի քաղցկեղն է, ապա հերթականությամբ աղեստամոքսային տրակտի, արգանդի մարմնի ու արգանդի վզիկի:
Իսկ տղամարդկանց մոտ ամենաշատը հանդիպում է թոքի քաղցկեղը: «Բոլորս էլ գիտենք, որ դա ծխախոտի ազդեցության հետևանքն է»,-նշեց բժիշկը: Այնուհետև, ըստ նրա, գրանցվում է ստամոքսի, աղեստամոքսային տրակտի քաղցկեղ: Դրանց հաջորդում են տղամարդու սեռական օրգանների` միզապարկի, շագանակագեղձի քաղցկեղը.«որն ի դեպ, վերջին մի քանի տարիներին աճի միտում ունի: Շատ են հանդիպում նաև արյան քաղցկեղի դեպքերը»,-ավելացրեց Գ. Բազիկյանը:
Մասնագետի հավաստմամբ, ուռուցքների 80-90% արտաքին միջավայրի ազդեցության արդյունք է, իսկ ծխախոտի գործածությունն աշխարհում քաղցկեղի առաջացման հիմնական ու առաջնային պատճառն է համարվում:
Ինչ վերաբերում է մանկական հիվանդացությանը, ապա նրա հավաստմամբ, մեկ տարում քաղցկեղով հիվանդանում է 70-80 երեխա: Միջազգային չափանիշների համաձայն, մինչև 16 տարեկան (ներառյալ) երեխաների մոտ ավելի շատ նկատվում է արյան, ուղեղի ու երիկամնների քաղցկեղ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով, աշխարհում շարունակվում է քաղցկեղի աճը, բայց նաև մեծանում է հիվանդության վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը: Մասնագետը, հավաստիացնում է, որ ավելի հեշտ է բուժել քաղցկեղածին հիվանդությունները, քան հենց քաղցկեղը: Մինչդեռ նա նկատեց, որ քաղցկեղով տառապող 15 հազար մարդ վերջին տարիներին բուժվել է ու ներկայում ապրում է առանց հիվանդության:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 14-ին նշում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: