ԿՄԵԿՆԱՐԿԻ «2008-X» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Փետրվարի 16-ից մինչև մարտի երկուսը թատերական կյանքում նոր աշխուժություն կբերի «անկանխատեսելիություն» խորհրդանշող, բայց հայտնիներին հանդիսատեսին ներկայացնող թատերական «2008-X» փառատոնը:
Ազգային թատերական ստեղծագործական միավորումը Մշակույթի նախարարության հետ համատեղ կփորձեն այս տարի նույնպես թատերասեր հասարակությանը ներկայացնել արդեն անցած տարի բեմադրված ներկայացումներ: Փառատոնի նախագահ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ասաց, որ այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 19 թատրոններ, սակայն երեքը` ժամկետից ուշ և այդ պատճառով չեն կարողացել նրանց ընդգրկել փառատոնի ծրագրում, քանի որ նախօրոք տեխնիկական շատ աշխատանքներ են արել և այդ պատճառով են նրանք դուրս մնացել ծրագրից: Այսպիսով այս տարվա փառատոնին կմասնակցի 16 թատրոն: Մասնակցության հայտ են ներկայացրել նաև Գյումրիի և Վանաձորի պետական թատրոնները:
Ռուբեն Բաբայանը ասաց, որ այս տարի թատրոնները իրենց սեփական կամքով են ընտրել այն ներկայացումը, որը ցանկացել են ցուցադրել փառատոնի ընթացքում: Փառատոնի նախագահը նաև նշեց, որ այս տարվա փառատոնը նախորդից կտարբերվի, քանի որ այն թատերականից բացի շատ գործնական է լինելու: «Թատերական վերլուծության և պրակտիկայի անջրպետ կա: Սա հարթելու համար ճանապարհներ են պետք: Մենք ներկայացումներից հետո քննարկումներ կկազմակերպենք, սակայն այս տարի դրանք կլինեն դռնփակ և կմասնակցեն գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի, թատրոնի և կերպարվեստի բաժինների գիտաշխատողները, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի ներկայացուցիչները և այլք:»,-ասաց պարոն Բաբայանը:
Թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար Արա Խզմալյանի կարծիքով, էլ թատերական կյանքը խնդիր ունի թատրոն բերել կրթված հասարակությանը: «Անջրպետ կա մարզային և Երևանի թատրոնների միջև: Անցած տարի մարզերից մասնակիցներ չենք ունեցել: Այս կերպ կկարևորվի նաև կենդանի շփումները» ,-ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
Պարոն Բաբայանը նշեց նաև, որ քննադատությանը նորմալ է վերաբերում, իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավարի կարծիքով, թատերագետներից պահանջել և ասել, որ թատրոնի փրկության ծրագիրը իրենց ձեռքում է ` «ճիշտ չէ»:
Կազմակերպիչները նաև տեղեկացրին, որ փառատոնը կբացի Հենրիկ Մալյանի անվան թատրոնը, իսկ հաջորդ օրերին թատրոններն իրենք են որոշելու, տոմսեր վաճառեն, թե ոչ: