ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ «7-Ի ԳՈՐԾ»-ՈՒՄ
Այսօր վերջապես սկսվել է «7-ի գործով» դատական նիստը և տևել է 30 րոպե: Այս անգամ ամբաստանյալները «հարգել են դատավորին» և ոտքի կանգնած դիմավորել դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Երբ դատավորը ամբաստանյալներին հրահանգել է նստել, մեղադրյալներից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է, թե հայաստանյան օրենսդրության մեջ չկա նորմ, որով ամբաստանյալին պարտադրվում է նստել:
Այնուհետև ամբաստանյալներին հայտարարությունների հնարավորություն է տրվել, որի ընթացքում Ալ. Արզումանյանը ասել է, թե իրենք կողմ են, որպեսզի դատավարությունը շարունակվի նորմալ ընթացքով:
Իր հայտարարության ժամանակ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը վիրավորական խոսքեր է ուղղել դատավորի հասցեին, որից հետո դատավորը որոշում է կայացրել «խսիտ անհարգալից վերաբերմունքի» համար ընդհատել դատական նիստը և նշանակել դատավարության նոր օր` փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ մինչ այդ դատական նիստը բազմիցս հետաձգվել է միշտ միևնույն պատճառով` դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար:
Հիշեցնենք, որ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը մեղադրվում են ՔՕ 225 հոդվածով (սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում) և 300 հոդվածով (պետական իշխանությունը բռնությամբ զավթելը):
Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:
Նկատենք նաև, որ ԵԽԽՎ պահանջով և ՔՕ վերոնշյալ հոդվածներում փոփոխություններ, ինչպես նաև լրացումներ կատարելու նպատակով Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իր ամբողջական առաջարկությունների փաթեթը Ազգային ժողովին պետք է ներկայացնի փետրվարի 19-ին: