ԱՐԵՅԱՆԸ ԽՈՍԵՑ ԹՎԵՐԻՑ
Այս տարի ավագ դպրոցի կարգավիճակ կստանան 11 դպրոց: Դրանցից երեքն Աջափնյակ համայնքում, երեքը՝ Մալաթիա Սեբաստիաայում, չորսը՝ Նոր-Նորքում և մեկը՝ Ավանում: Ինչպես այսօրվա ճեպազրույցում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հաջորդ ուսումնական տարվանից, գրեթե ամբողջ համակարգը կներգրավվի ավագ դպրոցի ավարտական ծրագրի փուլում և հստակ կլինի ավագ դպրոցների ու հիմնական հանրակրթություն ծրագրերի իրականացնող դպրոցների թիվը: «2009 թվականին լուրջ աճ է նկատվում ներառական կրթության ոլորտում, մոտ 190 մլն դրամ, այս տարի պետպատվերի շրջանակներում նախատեսված է ներառական կրթության իրականացման համար: Երևանում ներառական կրթություն է իրականացնում 21 դպրոց, որտեղ սովորում է շուրջ 537 աշակերտ, 16 համակարգող ու 24 հատուկ մանկավարժներ, որոնք կրթում են երեխաներին՝ վերապատրաստվելուց հետո»,-նշեց Կ. Արեյանը:
Ներկայացնելով վիճակագրական տվյալները, Կ. Արեյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում գործում է 201 դպրոց, 109739 աշակերտ, 8947 ուսուցիչ: Ֆինանսավորման ծավալն այս տարվա բյուջեով 16 մլրդ 932 մլն դրամ է կազմում: Համեմատելով 2008 թվականի հետ, Կ. Արեյանը նշեց, որ պետպատվերի ծավալում մոտ 3 մլրդի աճ է նկատվել, իսկ 2003 թվականի հետ համեմատ՝ այս տարի 5.5 անգամ աճել է դրույքաչափը, 3.5 անգամ՝ պետական բյուջեի պետպատվերի ծրագրի ծավալները, 3.9 անգամ՝ մեկ աշակերտին հասնող ֆինանսավորման չափը, իսկ դպրոցների պահպանման ծախսերը 6 անգամ են աճել, որի արդյունքում յուրաքանչյուր դպրոց պահպանման ծախսերի համար 18 մլն դրամ է ստանում:
Բացի այդ, Կ. Արեյանը նշեց, որ այս տարի 59 դպրոց՝ 4.5 մլրդ դրամ ծավալով, ընդգրկված են պետական բյուջերի դպրոցների հիմնանորոգման ծրագրում: Իսկ 16 կաթսայատների կառուցման համար քաղաքապետարանի համաքաղաքային կապիտալ ծախսերի ծրագրով 770 մլն դրամ է տրամադրվելու: 16 կաթսայատները կառուցվում են համատեղ օգտագործման սկզբունքով ու ծառայելու են 9 հանրակրթական, 1 երաժշտական դպրոցների և 8 մանկապարտեզների: Իսկ մայրաքաղաքի նախադպրոցական հաստատությունների թիվը, ըստ նրա, 169-ն է կազմում, որոնցից անցյալ տարվա տվյալներով 40 ունեին անհատական ջեռուցման համակարգ, այս տարի դրանց թվին կավելանա ևս 8 հաստատություն:
Նշենք, որ մայրաքաղաքի 201 դպրոցներից շատերն ապահովված չեն համակարգիչներով՝ հետևաբար համակարգչային դասարաններով: 201 դպրոցներում կա 2031 համակարգիչ և միայն 78 դպրոց ինտերնետային կապ ունեն: