ԳԱՌՈՒԻ ԿՅԱՆՔՈՒՄ «ՈՐՊԵՍ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ԿՄՆԱ ԽՈՐ ՎԻՐԱՊԸ
Երեկ հայ հանդիսատեսին իր երգերի կենդանի կատարումներով հմայեց հանրաճանաչ կանադացի երգիչ Գառուն: Նա Հայաստանում էր գտնվում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:
Համերգից առաջ Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում երգիչը խոստովանեց, որ միայն համերգով չի պայմանավորված իր այցը: Նա եկել է ըմբոշխնելու մեր երկիրը, հանդիպելու մարդկանց հետ և ինչպես ինքն ասաց` «ինչպիսի երջանկություն` ունենալ մամուլի ասուլիս»:
Գառուն հաղորդակցման համար կարևորը լեզուն չի համարում, ըստ նրա դրա լավագույն միջոցներից է երգը: Նա նաև հավելեց, որ ինքն իր երգերի միջոցով կարողացել է հաղորդակից լինել այնպիսի երկրների հետ, որոնք ֆրանկոֆոն չեն:
«Կարևորը երաժշտությունն է, որը կարողանում է հոգու տվայտանքը, հուզմունքը հասցնել, փոխանցել, հաղորդակից դարձնել»,-ասաց Գառուն:
Նա նաև պատմեց, որ նկարահանվել է կանադական մի հեռուստաֆիլմում` ռոմանտիկ, զգացմունքային, կոմեդիկ մի պատմություն, որի ռեժիսորը հայ է եղել`Էրիկ Սիվանյանը:
Հայաստանի մասին բավականին շատ բան է սովորել Պատմության թանգարան այցելության ժամանակ և միայն երեկ է իմացել, որ Հայաստանում բնակվում է երեք միլիոն հայ: Գառուի կյանքում «որպես անմոռանալի հիշողություն» կմնա Արարատի փեշին գտնվող վանական համալիր` Խոր Վիրապ այցելությունը:
Երգերը` երգեր, սակայն իր կյանքի լավագույն նվերը Գառուն համարում է իր յոթամյա դստերը` Էմիլիին:
Ի դեպ, Գառուն հերքեց արմատներով հայկական ծագում ունենալու մասին իր շուրջ պտտվող լուրերը:
Այս ամենը համերգից առաջ, իսկ ահա համերգն ընթացավ անակնկալներով:
Երգիչը համերգը սկսեց հայերենով` հանդիսականներին ողջունելով «Բարև Հայաստան» բառերով:
Իսկ հետո, չդիմանալով համերգին, կենդանի կատարումների «տաքությանը» նույնիսկ երեսուն հազար դրամ արժողությամբ տոմս գնածները, ցած իջան զբաղեցրած թանկարժեք տեղերից և իրենց տեղը գտան պարտերում, ուր երիտասարդները կանգնելու համար վճարել էին միայն 5000-ական դրամ. ճչացին, պարեցին, նկարվեցին ու ծաղիկներ նետեցին երգչին:
Համերգը կազմակերպել էր BlackBan ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները