Չախալյանը ազատազրկվեց տասը տարով
Ապրիլի 6-7-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացել է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը: Այս մասին հայտնում են «Երկիր» հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազամակերպությունների միությունից:
Ապրիլի 6-ին մեղադրական ճառով հանդես է եկել դատախազ` Իրակլի Բարձիմաձեն, որը Վահագն Չախալյանի համար պահանջել է 14 տարի ազատազրկում և 18000 լարի (10,650 ԱՄՆ դոլար) տուգանք, Ռուբեն Չախալյանի համար` 4 տարի ազատազրկում եւ 6,000 լարի (3,550 ԱՄՆ դոլար) տուգանք, Արմեն Չախալյանի համար` 3 տարի պայմանական ազատազրկում և 3,000 լարի (1,750 ԱՄՆ դոլար)տուգանք: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել դատապաշտպանները:
Ապրիլի 7-ին պաշտպանական խոսքն է ասել Վահագն Չախալյանը:
Դատարանը մեղավոր է ճանաչել Վահագն Չախալյանին գործի բոլոր դրվագներով` Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), 225 հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն զանգվածային անկարգություններին), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի կամ խուլիգաանությունը կասեցնող այլ անձի դեմ) և դատապարտել նրան 10 տարվա ազատազրկման առանց պատժի մի մասի տուգանքով փոխարինման հնարավորության:
Ռուբեն Չախալյանը մեղավոր է ճանաչվել 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 225 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն զանգվածային անկարգություններին)` դատապարտվելով 5,000 լարի (3000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ է սահմանվել 2,000 լարի (1,200 ԱՄՆ դոլար) տուգանք:
Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, իսկ այնուհետեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: